Նորություններ

Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում. Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում է

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի հետ: Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու քաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական և հումանիտար կապերի ընդլայնումը:

Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի: Ալեքսանդր Բեգլովը հեռանկարային ուղղություններից է համարել, մասնավորապես, համագործակցությունը առողջապահության և ղեղագործության ոլորտներում, նաև նշել է, որ քաղաքը մտադիր է մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումը Հայաստանից դեպի Սանկտ Պետերբուրգի առևտրային ցանցեր:

Կարևորելով Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը գործընկերային հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման հարցում՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերը նոր լիցք կհաղորդեն երկկողմանի հարաբերություններին: Հայկ Մարությանը նախանշել է այն ուղղությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Հայաստանի մայրաքաղաքը, մասնավորապես, մտադիր է ուսումնասիրել Պետերբուրգի փորձը հասարակական տրանսպորտի և  աղբահանության ոլորտներում:

***

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկու հետ հանդիպմանը կարևորվել է համագործակցության հաստատումը թանգարանների զարգացման ու հանրահռչակման հարցում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրույցի ընթացքում տեղեկացրել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում հազարամյակների պատմություն ունեցող Կարմիր Բլուր հնավայրը շինարարական աղբից մաքրելու և զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար: Պատմամշակութային տարածքի պահպանման ու պատշաճ ներկայացման հարցում Երևանի քաղաքապետը հայցել է պետերբուրգյան գործընկերների աջակցությունը:

Երևանյան պատվիրակության անդամները շրջել են Էրմիտաժի ցուցասրահներում: Աշխարհահռչակ թանգարանում պահպանվում է մշակութային արժեք ներկայացնող ավելի քան երեք միլիոն նմուշ: Թանգարանի հարուստ հավաքածուն համալրել են  նաև ուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշները: Էրմիտաժի հայկական մշակույթի մշտական սրահում ևս ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ:

***

Երևանն ու Սանկտ Պետերբուրգը կհամագործակցեն նաև քաղաքային օրենսդիր մարմինների մակարդակում:  Երևանի քաղաքապետի պատվիրակության կազմում ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած ավագանու  «Բարգավաճ Հայստան», «Իմ քայլը»  և «Լույս»  խմբակցությունների անդամները հանդիպում են ունեցել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնում` քաղաքային դումայում: Կողմերը նախանշել են այն ուղղությունները, որոնց շրջանակում կարող են արդյունավետ գործակցություն ծավալել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակողմանիորեն քննարկելու երկուստեք համագործակցության հնարավոր ձևաչափերը:

***

Օրվա ավարտին ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 20-21-ը անցկացվող Երևանի օրերի շրջանակում կայացել է Երևանի օրերի գալա-համերգը: «Կապելլա» համերգասրահում հանդիսատեսին իրենց կատարումներով ողջունել են Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «ԹմբաԹա» երիտասարդական ժողովրդական ռոք խմբի անդամները: Համերգի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական երաժշտության հիման վրա մշակված, ռոքի և փորձարարական երաժշտության հետ համադրված ստեղծագործություններ:

Back to top button
Close