Նորություններ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Թուրքիայում շարունակվում են  2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի և դրա կազմակերպման մեջ մեղադրվողների դատավարությունները, հայտնում է Ermenihaber-ը։

Գլխավոր շտաբի նախկին ղեկավար կազմի գործով դատավարության շրջանակներում վճիռ է կայացվել գործով անցնող 224 զինվորականի նկատմամբ։  Անկարայի ծանր հանցագործությունների դատարանի հրապարակած վճռի համաձայն՝ 17 բարձրաստիճան զինվորականներից յուրաքանչյուրի վերաբերյալ 141-ական ցմահ ազատազրկման  որոշում է կայացվել: Պատիժն անցկացվելու է խիստ ռեժիմի պայմաններում:

Ցմահ դատապարտվածների թվում էր նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը, որը ըստ թուրքական դատարանի՝ ղեկավարել է ռազմական հեղաշրջման փորձը։

Ցմահ ազատազրկվածներից մեկը մեղադրվել է «Սահմանադրությունը խախտելու», մյուսը՝ «Թուրքիայի նախագահի դեմ մահափորձ կատարելու» մեջ։ 139 հոգի դատապարտվել է կանխամտածված սպանության մեղադրանքով, 33 հոգուն էլ թուրքական դատարանն արդարացրել է։

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2196 վիրավոր:

 Ermenihaber

Ավելին
Back to top button