Նորություններ

Մոր թաղմանը մասնակցող կալանավորը Mercedes–ով դիմել է փախուստի՝ կոտրելով սգո սրահի դարպասն ու այնտեղ կայանված ավտոմեքենաներ. հնչել են կրակոցներ

Այսօր՝ հունիսի 20-ին, արտակարգ և մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևաևում: Ժամը 17:40-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գործող «Գոռ» սգո սրահի տարածքում դատարանի որոշմամբ մոր թաղման արարողությանը մասնակցող կալանավոր 30-ամյա Մարտին Խաչատրյանն Արարատի մարզի բնակիչ Ռոբերտ Բալայանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 35 NA 696 համարանիշի ավտոմեքենան առևանգել է և դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, նրան սգո սրահ ուղեկցող Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները հետապնդել են, սակայն նա դիմել է փախուստի, չի ենթարկվել նրաց «կանգնիր» օրինական պահանջին, կոտրել է սգո սրահի երկաթե դարպասները և դուրս եկել սրահի տարածքից:

Նուբարաշենի բանտի աշխատակիցները որպես նախազգուշացում 4 անգամ օդ են կրակել, ինչից հետո ճիվաղը կրակոցների ձայնից իրար է խառնվել և բախվել սգո սրահի հարևանությամբ կայանված 2 ավտոմեքենաների՝ նույնպես վնասելով այդ ավտոմեքենաները:

Բախումից հետո նա փորձել է ոտքով դիմել փախուստի, սակայն Նուբարաշենի բանտի ծառայողները կարողացել են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել նրան, և ինչպես ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փռեցին ասֆալտին:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի դիմած կալանավոր Մ. Խաչատրյանը նախկինում 4 անգամ եղել է դատապարտված և վերջին անգամ դատապարտվել էր կողոպուտի համար, իսկ այսօր դատարանը բարի կամք էր դրսևորել նրա նկատմամբ և թույլատրել էր, որպեսզի նա մասնակցի մոր թաղմանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տուժած մեքենայատերերին հետաքրքրում է, թե ով է փոխհատուցելու վնասը, արդյո՞ք ԱՊՊԱ-ն այս պարագայում բարի կամք կդրսևորի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Ավելին
Back to top button