Նորություններ

Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի մահվան մեջ մեղադրվում է հրամանատարի տեղակալը

Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը մահացել է հրամանատարի տեղակալի՝ խմիչքի ազդեցության տակ կրակոցներ արձակելու հետեւանքով։ Այսպիսինն է նախաքննական մարմնի նախնական գնահատականը պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքներին, որի դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հ.Մելքոնյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ 2018 թվականի հունիսի 22-ի ուշ երեկոյան՝ մարտական դիրքում: Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Ս.Կարապետյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ որպես հենակետի պատասխանատու, օգտագործել է ալկոհոլ՝ իր հարազատի հետ կապված իրադարձությունը նշելու համար։

Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ դիրքի կացարանի զինաբուրգից վերցրել է ինքնաձիգ և դիրքի խոհանոցի հարակից տարածքում կրակոցներ արձակել օդ։ Ընդ որում՝ նույնը կրկնել է մի քանի անգամ։

Ավելի ուշ՝ արդեն ժամը 22:50-ի սահմաններում, կապիտանը կրկին զինաբուրգից վերցրել է նույն դիրքում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, եֆրեյտոր Հ.Դարբինյանին ամրակցված ինքնաձիգը և խոհանոցի հարակից տարածքում լիցքավորելով այն` շարունակել անկանոն կրակոցների արձակումը։ Այս անգամ սակայն այդ գնդակներից մեկը դիպել է պայմանագրային զինծառայող Մելքոնյանին՝ որովայնի շրջանում պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Հրամանատարի տեղակալի կողմից ընդհանուր առմամբ արձակվել է 75 կրակոց։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հրամանատարի տեղակալ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 371-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ՝ ռազմամթերքը վատնելու համար։ Քրեական գործը կքննվի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button