Նորություններ

«Հույս չունեմ, որ այս հանդիպումը և հաջորդ հանդիպումները բանակցություններին տալու են դրական ընթացք և արագ լուծումներ». Սուրեն Սարգսյան

ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։

— Պարոն Սարգսյան, վաղը Վաշինգտոնում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ի՞նչ սպասելիքներ կան այս հանդիպումից։ 

— Անկեղծ ասած՝ ինչպես նախորդ անգամները, այս անգամ նույնպես որևէ ակնկալիք չունեմ, որովհետև չեմ համարում, որ այս բանակցային գործընթացը, որ տեղի է ունենում, տալու է այնպիսի արդյունքներ, որից գոհ լինենք մենք: Իհարկե բանակցությունները, բանակցային գործընթացը լավ բան է, բայց միշտ պետք է հաշվի առնենք, որ կան սկզբունքային տարբերություններ դիրքորոշումների հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և այս խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով մի քիչ դժվար եմ պատկերացնում: Ցավոք, պետք է արձանագրել, որ գոնե այս փուլում չենք կարողանում տեսնել մի իրավիճակ, երբ Հայաստանը կամ Ադրբեջանը հրաժարվեն Լեռնային Ղարաբաղից: Իհարկե բանակցությունները լավ ընթացք էլ կարող են ունենալ, բայց վերջնական արդյունք բանակցությունների միջոցով ես չեմ պատկերացնում, դրա համար Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի նաև երկրորդ սցենարին, այսինքն ավելի ագրեսիվ գործողությունների սցենարին, որոնք կարող են ուղղվել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից:

— Հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը, ըստ Ձեզ, հայկական կողմը Վաշինգտոնում պե՞տք է պնդի, որ նորից օրակարգ բերվեն սահմանային խախտումների հետաքննման միջազգային մեխանիզմները:

— Բնականաբար Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մեզ համար սկզբունքային կարևորություն ունեն, և ցավոք, մենք չկարողացանք հետևողականորեն ստիպել Ադրբեջանին, որպեսզի այդ պայմանավորվածությունները պահպանի, և հայտնվեցինք մի իրավիճակում, երբ վերջին մի քանի բանակցությունների կամ հանդիպումների ժամանակ, ըստ էության, դրանց անդրադարձ նույնիսկ չեղավ: Այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վերելակում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն իսկ, ըստ էության, արդյունք չեն տալիս: Արդեն իսկ խախտում կա Ադրբեջանի կողմից, և եթե կա խախտում, սա նշանակում է, որ արդեն կարող ենք համարել անվավեր, և ցավով պետք է արձանագրենք, որ այս ընթացքում մենք պետք է նորից շարունակենք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու ուղղությամբ աշխատանքների կատարումը, բայց, ցավոք, ժամանակ կորցրեցինք և բավարարվեցինք ժամանակավոր պայմանավորվածություններով, որն Ադրբեջանը խախտում է: Դրա համար բանակցելուց մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք մի հարևանի հետ, մի զրուցակցի հետ, որը շատ հաճախ ոչ ադեկվատ է:

— ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն անդրադարձել է սպասվող հանդիպմանը՝ նշելով, որ անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որպեսզի քաջալերի նրանց միջև ընթացող երկխոսությունը: Նաև հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Ինչպե՞ս եք գնահատում Բոլթոնի այս գրառումը հանդիպումից առաջ:

— Իհարկե ողջունելի է, որ Բոլթոնը հույս ունի, որ որոշակի տեղաշարժ կլինի և տարածաշրջանում վերջապես խաղաղություն կհաստատվի: Ես հեռու եմ անձամբ այս մտքից, որովհետև համարում եմ, որ տարածաշրջանում խաղաղություն միայն կլինի այն ժամանակ, երբ որ զինադադարի համաձայնագրի փոխարեն կնքվի խաղաղության համաձայնագիր, և հետո նոր բանակցային գործընթացը շարունակվի, բայց իհարկե Մինսկի խմբի երկրների ջանքերը չափազանց կարևոր են, և չի կարելի թերագնահատել այն աշխատանքը, որը տանում են Մինսկի խմբի համանախագահները բանակցային գործընթացը կազմակերպելու համար: Ես առանձնապես հույս չունեմ, որ այս հանդիպումը և հաջորդ հանդիպումները բանակցություններին տալու են դրական ընթացք և արագ լուծումներ:

 

Ալինա Սիմոնյան

Ավելին
Back to top button
Close