Նորություններ

Դատարանի ոչ մի որոշում չի կարող կասեցնել Արցախի և Ֆրանսիայի քաղաքների անկեղծ բարեկամությունը, ես պարզաբանում կխնդրեմ Ֆրանսիայի ՆԳ նախարարից․ ֆրանսահայ պատգամավոր

Ցավում եմ, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև կնքված բարեկամական հռչակագրերը դարձրել է քաղաքական հարց՝ նահանգապետերին կարգադրելով դատարանում վիճարկել դրանք:

 Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Սենատի հայազգի պատգամավոր Դանիել Ղազարյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամական հռչակագրերի չեղարկմանը:
«Նախևառաջ, ցանկանում եմ ընդգծել, որ դատարանի ոչ մի որոշում չի կարող կասեցնել այդ քաղաքների միջև առկա անկեղծ բարեկամությունը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերը:
Դանիել Ղազարյանը նշեց, որ ինքը նաև չի հասկանում՝ ինչպես կարող են նման բարեկամական հռչակագրերը, ինչ-որ կերպ հարցականի տակ դնել տվյալ հակամարտության հետ կապված ազգի անհրաժեշտ չեզոքությունը:
«Մեր ժողովուրդներին միավորող կապերը համահունչ չեն այս իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված Ֆրանսիայի դիվանագիտական ջանքերին՝ հաշվի առնելով հատկապես, որ Ֆրանսիան ամուր կապեր է պահպանում շահառու մյուս կողմի՝ Ադրբեջանի հետ: Ես ներքին գործերի նախարարին կխնդրեմ պարզաբանել մանրամասները»,- ասաց նա:
Դանիել Ղազարյանը նաև հիշատակեց, որ ինքն անդամակցում է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբին, որը  միավորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ լուծմանն աջակցող խորհրդարանի անդամներին՝ ի նպաստ Արցախի ժողովրդի անվտանգության ու զարգացման:

«Մենք բանակցություններ կվարենք, որպեսզի ընդհանուր արձագանքի հասնենք նաև խորհրդարանում: Եթե հետագայում հնարավորություն լինի իրավական տեսանկյունից անվտանգ դարձնել բարեկամական այդ հռչակագրերը, ես հաստատապես կողմ կլինեմ այդպիսի լուծմանը: Քանի որ քաղաքականության մեջ խիստ բարձր են խաղադրույքները, մենք կարիք ունենք աշխատանքներ տանել կուսակցությունների որդեգրած քաղաքական գծի ուղղությամբ՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը, անվտանգությունը և Արցախի ժողովրդի բարեկեցությունը կուսակցական հարց չէ, և ոչ էլ՝ որևէ կողմի արտոնությունը մյուսի նկատմամբ: Սա իմ, իմ կարծիքով, այս խնդրին անդրադառնալու ամենապատասխանատու ճանապարհն է»,- ասաց նա:

Հիշեցնենք նաև, որ Բուրգ լե Վալանսի, Առնուվիլի ղեկավարները հայտնել են, որ կբողոքարկեն Արցախի քաղաքների հետ բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը: Իսկ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն այս առիթով հայտարարություն էր տարածել, որով հայտնել էր, որ Ֆրանսիայի և Արցախի համայնքների միջև կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները ունեն միմյանց նկատմամբ և որը արտահայտվում է հռչակագրերի տեքստերով:

tert.am

Ավելին
Back to top button
Close