ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Ես անկեղծորեն կուզենայի, որ Վահե Գրիգորյանը լիներ նաև նախագահ». Նինա Կարապետյանց

«Պարզ տրամաբանությունն էլ հուշում էր, որ ԱԺ-ի մեծամասնությունը կողմ էր Վահե Գրիգորյանի թեկնածությանը, և նա պետք է ընտրվեր, այլ տարբերակ չկար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ սա այն դեպքերից է, երբ ինքը կիսում է մեծամասնության կարծիքը, որովհետև վստահաբար Վահե Գրիգորյանն իր մարդկային և պրոֆեսիոնալ բոլոր հատկություններով արժանի է լինելու Սահմանադրական դատարանի ոչ միայն անդամ, այլև նախագահ:

«Հուսամ, որ հնարավորություն կունենաք նման տեսակի մարդկանցով փոխարինելու Սահմանադրական դատարանի մնացած բոլոր անդամներին, և վերջապես ունենք իրապես այն ատյանը, որը որ չի լինի քաղաքականացված, ինչպես էլ որ այսօր շատ քննարկվեց ու շահարկվեց Վահեի խոսքը բառիս բուն իմաստով»:

Անդրադառնալով քննադատություններին՝ իրավապաշտպանն ընդգծեց, որ դրական է համարում այն, որ հնչում են քննադատություններ, քանի որ այն ժողովրդավարության քայլ է:

«Վստահ եմ, որ Վահեի տեսակն այնպիսի է, որ անգամ մտերիմ ընկերության պարագայում ինքն ունակ է ճշմարտությունն ասելու ճակատին, ու իր քայլերով, գործողություններով ինքը միշտ ապացուցել է, որ որևէ մեկից քաղաքական կախվածություն չունի ու չի ունեցել… Ես անկեղծորեն կուզենայի, որ Վահե Գրիգորյանը լիներ նաև նախագահ, եթե ընթացքում չլինեն էլի նոր կադրեր, որոնք որ իսկապես լավագույնը կլինեն, ավելի լավը, քան Վահե Գրիգորյանը»:

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ անհրաժեշտ է ամբողջ կազմի փոփոխությունը, նաև շատերին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել:

«Ընթացքում պետք է փոխվի ամբողջ կազմը, մի քիչ ավելի թավշոտ են մտածում մեր իշխանությունները, իրենք կարծում են, որ որևէ մեկը պատասխանատվության չպետք է ենթարկվի, ես չեմ կիսում այս կարծիքը, վստահ եմ, այո, նաև քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այն բոլոր Սահմանադրական դատարանի դատավորները, որոնք ժամանակին ընդունել են որոշումներ, որոնք դեմ են եղել Հայաստանի զարգացմանը, դեմ են եղել Հայաստանում ժողովրդավարության ստեղծմանը»,- հավելեց իրավապաշտպանը:

Ավելին
Back to top button