Նորություններ

«Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը և հայտարարությունը

Հունիսի 17-ին տեղի է ունեցել «Արցախ-ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Հերթական նիստի ընթացքում քննարկվել են բարեկամության շրջանակի գործունեության ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին Արցախի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների հետ համագործակցության հռչակագրերի չեղարկմանը: Նիստին հրավիրված ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է այդ ուղղությամբ տարվող աշխատանքները :

Այնուհետև նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել և հանդես եկել առաջարկություններով:

Նիստի վերջում «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամները հանդես են եկել հայտարարությամբ.

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ափսոսանք հայտնելով Ֆրանսիայի վարչական դատարանների կողմից Վալանս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ, Առնուվիլ քաղաքների ու Արցախի Հանրապետության համայնքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերի չեղարկման առթիվ,

Ողջունելով նույն քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները` շարունակելու և զարգացնելու հաստատված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամների՝ ֆրանսիական կառավարությանն ուղղված կոչը՝ չտրվելու ադրբեջանական ճնշումներին և պահպանելու անկողմնակալություն,

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը.

Բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ տարբեր մակարդակներում համագործակցությունը՝ որպես հումանիտար, կրթական, մշակութային, սպորտի և տնտեսական ոլորտներում երկու ժողովուրդների միջև շփումների խթանման կարևորագույն միջոց,

Համոզված է, որ Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև ապակենտրոնացված համագործակցությունը լավագույնս է արտացոլում ժողովուրդների՝ հավասարության և բարիդրացիության հիման վրա հարաբերություններ զարգացնելու հանձնառությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ազատությունն ու ինքնուրույնությունը,

Վերահաստատում է Արցախի և Ֆրանիսայի ժողովուրդների միջև համապարփակ համագործակցության զարգացմանը նպաստելու իր վճռականությունը,

Կոչ է անում Ֆրանսիայի հայկական համայնքին և ֆրանսիացի գործընկերներին՝ ակտիվորեն շարունակելու աշխատանքները հաստատված իրական համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

ք. Ստեփանակերտ

17 հունիսի 2019թ.

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

Ավելին
Back to top button