ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումից մեծ սպասելիքներ չունեմ». Գ. Գորգիսյան

«Ադրբեջանը փորձում է անընդհատ այդ լարվածությունը պահել, թեև Փաշինյան-Ալիև հանդիպումների ժամանակ խոսվում է հրադադարը պահպանելու մասին, խաղաղության նախապատրաստվելու մասին»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով վերջին օրերին շփման գծում լարված իրավիճակին:

Պատգամավորի կարծիքով՝ եթե մենք խոսում ենք հարցի խաղաղ կարգավորման մասին, պետք է այն լինի առնվազն երկու կողմի ցանկությունը, այս դեպքում մեր հակառակորդը ցույց է տալիս, որ ինքն անընդհատ պատրաստվում է ագրեսիայի: Ըստ Գորգիսյանի՝ սրան ի պատասխան մենք պետք է ուժեղանանք, պետք է հզորացնենք մեր բանակը:

Դիտարկմանը, թե արդյոք Արցախում կատարվող ներքին իրադարձությունները կարող են այս ամենի պատճառ հանդիսանալ, Գևորգ Գորգիսյանը նշեց, որ չի ցանկանում կապել:

«Առհասարակ Հայաստան և Արցախ առանձնացնելու, ցանկացած ներքին ինչ-որ գործողություն միշտ արտաքին թշնամիների կողմից շատ լուրջ ուսումնասիրվում է, և նրանք միշտ պատրաստ են ցանկացած հարմար պահի սադրանքների դիմել»:

Անդրադառնալով հունիսի 20-ին Վաշինգտոնում նախատեսվող Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպմանը՝ Գորգիսյանն ընդգծեց, որ մեծ սպասելիքներ չունի այդ հանդիպումից:

«Մեր հակառակորդը շարունակում է նույն մարտավարությունը, նույն հռետորաբանությունը, ինչ նախկինում. այս պարագայում մեծ ակնկալիքներ չկան: Հատկապես որ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում է տեղի ունենալու, կարևոր է կրկին բարձրացնել հրադադարի ռեժիմի խախտումների բացառման հարցը»:

 

 

Back to top button