Նորություններ

Կոտայքի մարզում վրաերթի է ենթարկվել 2 հետիոտն. մեկը տեղում մահացել է, մյուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գեղամ Հայրապետյանը Հրազդան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի պողոտայում, դեպի Միկրոշրջան տանող թաղամասում իր վարած ВАЗ 2106 մակնիշի 42 ԼՏ 491 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով հետիոտներից մեկը տեղում մահացել է, մեկն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի հիվանդանոցի բժիշկների օգնությամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի ծառայողները՝ դասակի հրամանատար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Արամ Սարգսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button