Նորություններ

Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների 7-րդ գագթնաժողովը: Դռնփակ հանդիպումից առաջ ելույթ ունեցած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ քննարկելու են 3 երկրների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կարիքները:

«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այն բանի համար, որ անխախտ հիմքերի վրա հիմնված այս եռակողմ հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի»,- ավելացրել է թուրք նախարարը:

Աքարն ավելի ուշ նաև առանձին-առանձին հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու Վրաստանցի պաշտոնակից Լեվան Իզորիայի հետ:

Հավաքին ելույթ ունեցած Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարեցտարի 3 երկրների մասնակցությամբ զորավարժությունների քանակը մեծանում է:

«Եթե 2018-ին մենք անցկացրել ենք 7 համատեղ զորավարժություն, ապա 2019-ին նախատեսում ենք անցկացնել 13 զորավարժություն»,- ասել է Հասանովը:

Վրաստանի պաշտպանության նախարարն էլ, շեշտելով, որ տարածաշրջանի անվտանգությունը կախված է միջազգային իրավունքի հիման վրա երկրների տարածքային ամբողջականությունից, ասել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

ermenihaber.am

Ավելին
Back to top button