ՄիջազգայինՆորություններ

«Խաղաղության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 152-րդ տեղում է

Թուրքիան 3 հորիզոնականով նահանջել է Տնտեսության և խաղաղության ինստիտուտի հրապարակած 2019թ․ «Խաղաղության համաշխարհային ինդեքսում»։ 163 երկրների շարքում Թուրքիան այս տարի 152-րդ տեղն է զբաղեցրել։ 2018թ․ ևս այս երկիրը 3 կետով զիջել էր դիրքերը՝ հասնելով 149-րդ հորիզոնականին։

Զեկույցում արձանագրվել է, որ նախորդ տարվա համեմատ Թուրքիայում ահաբեկչության ազդեցությունը նվազել է։ Այնուամենայնիվ, այս երկիրը ահաբեկչության առումով Եվրոպայի մասշտաբով ամենից շատ միավորներն է ստացել։

Ցանկի առաջին 25 տեղերից 17-ը զբաղեցրել են եվրոպական երկրները։ Հայտնի է դարձել նաև, որ Եվրոպայի 36 երկրներից 22-ը նախորդ տարվա համեմատ ավելի խաղաղ են դարձել։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ վերջին 10 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ աշխարհն այսօր նվազ խաղաղասեր է․ այս առումով 10 տարվա ընթացքում 3․78 տոկոս հետընթաց է գրանցվել։

Ամենախաղաղ երկրների ցանկում առաջին 15 տեղերը զբաղեցրել են Իսլանդիան, Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան, Չեխիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Բութանը։ Վերջին 15 հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Հյուսիսային Կորեան, Ուկրաինան, Սուդանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբիան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Սոմալին, Իրաքը, Եմենը, Հարավային Սուդանը, Սիրիան, Աֆղանստանը։

«Խաղաղության համաշխարհային ինդեքսի» համաձայն՝ 2018թ․ բռնություններն ու բախումները համաշխարհային տնտեսությանը 14․1 տրիլիոն դոլարի վնաս են հասցրել։ Այդ ցուցանիշը հավասար է համաշխարհային ազգային եկամտի 11․2 տոկոսին, այլ կերպ ասած՝ մոլորակի բնակչության յուրաքանչյուր անձին բաժին ընկնող վնասի չափ կազմում է 1853 դոլար։

ermenihaber.am

Ավելին
Back to top button