Նորություններ

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի նիստը

Հունիսի 10-11-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ նիստը` Հայաստանի Հանրապետության նախագահությամբ և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ:

Կոմիտեի անդամները քննարկեցին ԱՊՀ մի շարք փաստաթղթերի նախագծեր, հստակեցրին ԱՊՀ բազմակողմ պայմանագրերի կնքման ընթացակարգերի մեթոդական ցուցումների սկզբունքային մոտեցումները:

Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ իրավական ծառայությունների ղեկավարներին ընդունեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում հյուրերը ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրին ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 26-րդ հերթական նիստի ընթացքում քննարկված թեմաները և նիստի արդյունքները:

Նախարարի տեղակալը բարձր գնահատեց նման հանդիպումների կարևորությունն ու արդյունավետությունն ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի քննարկման համատեքստում:

Ավելին
Back to top button