Նորություններ

«Որևէ զինծառայող, այդ թվում բարձրաստիճան, առանց վերադասի հրահանգի անգամ 1 մետր չէր շարժվի ինքնուրույն». Ն. Նորիկյան

«Ես կարծում եմ, որ նշված մեղադրանքով տվյալ անձի ձերբակալությունը, այնուհետև կալանավորումը կարող է շրջադարձային լինել, բանալի հանդիսանալ Մարտի 1-ի գործով այլ զոհերի սպանության և սպանության կազմակերպիչների, անմիջական հրաման տվողների համար»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Հիշեցնենք՝ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանը հունիսի 6-ին կալանավորվեց։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Պետրոսյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, շտաբի պետի պաշտոնը: Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի սպանությունների գործով 11 տարվա մեջ առաջին մեղադրյալն է։

Նորիկյանի խոսքերով՝ սա կարող է իսկապես բանալի դառնալ նաև Մարտի 1-ի ամբողջ գործընթացի շղթայական բացահայտման համար, որովհետև հարգելով ՀՀ ցանկացած անձի անմեղության կանխավարկածը՝ միաժամանակ պետք է արձանագրել, որ Գեղամ Պետրոսյանը միայն կատարող չի եղել:

«Գեղամ Պետրոսյանն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա ներքին զորքերի դե յուրե երկրորդ անձն էր, և նա միայն կատարող չի եղել: Նա այնտեղ նաև հրաման տվող էր, և նա կատարում էր իր վերադաս հրամանատարների հրամանը, որովհետև ինձ համար գոնե ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում որևէ զինծառայող, այդ թվում բարձրաստիճան, առանց վերադասի հրահանգի անգամ 1 մետր չէր շարժվի ինքնուրույն»:

Նորիկյանն ընդգծում է, որ մենք իսկապես անկյունաքարային էպիզոդի հետ գործ ունենք, և հույս է հայտնում, որ այս գործընթացում, որի մեկնարկը տրվել է ժամանակի ընթացքում, վարույթն իրականացնող մարմինը կդրսևորի վճռականություն և հետևողականություն՝ տալով բոլոր հարցերի պատասխանները:

«Առհասարակ, եկեք արձանագրենք, որ Մարտի 1-ի գործով անպատասխան հարցեր չպետք է մնան, բոլոր հարցերի հետևից պետք է գնալ մինչև վերջ: Բոլոր մարդիկ պետք է ենթարկվեն պատասխանատվության, և այս գործընթացում անձեռնմխելի սուբյեկտներ չպետք է լինեն»,-հավելեց փաստաբանը:

Ավելին
Back to top button