ՆորություններՔո ձայնը

«Քաղաքացին չէր կարող դատարաններ շրջափակել, դա Օխլոսին բնորոշ պահվածք է». Ս. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով.

«Դեմոկրատիան հայերենում սխալ կերպով է թարգմանվել — ժողովրդավարություն, ինչից կարելի է ենթադրել, որ ողջ ժողովրդի մեծամասնությունն է որոշում, թե ինչ որոշումներ է պետք է ընդունվի բոլորի համար։ Իրականում դեմոսը Հին Հունաստանում բոլորովին այլ իմաստ ուներ։

«Դեմոսը» Հին Աթենքի թաղամասերից մեկի անվանումն էր, որտեղ ապրում էին սոցիալապես ապահով մարդիկ։ Դեմոսը, ի տարբերություն Լաոսի, որի տակ ողջ ժողովրդին էին հասկանում, որոշակի սեփականության ու սոցիալական ցենզ ունեցող մարկիկ էին։ Սոցիալական ցենզի տակ հասկանում էին որոշակի տարիք, ամուսնացած և սերունդ ունեցող մարդկանց։

Սեփականության առկայությունը նշանակում էր, որ այդ մարդիկ կորցնելու որոշակի բան ունեն, ինչի հետևանքով նրանք կյանքին ավելու լուրջ էին վերաբերվում և իրենց որոշումներում շրջահայաց էին։ Ավելի երիտասարդները պետք է համապատասխան գիտելիքներ ու փորձ ձեռք բերեին, որպեսզի կարողանան որոշումներ ընդունել՝ ընտրելու և ընտրվելու իրավունք ունենալ։

Լաոսը՝ ողջ ժողովուրդը, բաղկացած էր երեք մասին՝ Դեմոս, Օխլոս և Պլեբոս։ Օխլոսը ստրուկներն ու աղքատներն էին, որոնք կորցնելու ոչինչ չունեին, բացի իրենց «շղթաներից», իսկ Պլեբոսը մանր սեփականատերերն էին։

Դա Հին Հունաստանում էր։ Կյանքը առաջ է գնացել, սակայն որոշումներ ընդունելու պատասխանատվության համար կյանքի փորձը, մերձավորների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը ու կորցնելու բան ունենալը մնում է ուժի մեջ։

Սակայն Լաոսը՝ ողջ ժողովուրդը, երբ նրա մեջ գերակշռում է Օխլոսը, այլ պահանջներ ու պատկերացումներ ունի։ Նման Լաոսը ցանկանում է աուկցիոնի մասնակցել և նրանք, ովքեր կխոստանան վերաբաշխել ունեցվածքը՝ մեկից խլել և տալ մյուսին, բնականաբար նրան էլ կընտրեն։

Կարևոր չէ, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ եթե մեկից որևէ բան են խլում, դրանով չեն կիսվում։ Կարևորը աուկցիանն է՝ դրան մասնակցելը և որոշակի ժամանակահատվածում ապրել հույսով և հավատով։

Դեմոսը, ի տարբերություն Օխլոսի, դատարանները շրջափակելու հելահեղ կոչը լսելիս, դա չի կատարում։

Հիմա առաջնային է Քաղաքացի հասկացությունը։ Ով է քաղաքացին, այդ հարցի պատասխանը «Ժողովրդի վարչապետը», նշելով Քաղաքացու օրը, չի տվել։ Քաղաքացին ունի իրավունքներ ու պատասխանատվություն և Քաղաքացու գլխավոր արժեքը ազատությունն է։ Քաղաքացին չէր կարող դատարաններ շրջափակել, դա Օխլոսին բնորոշ պահվածք է։ Քաղաքացին դատարանները բարեփոխում է, իսկ նման կոչը միայն Օխլոսին են անում։ Կյանքը ցույց տվեց, որ Օխլոսը Հայաստանում այնքան էլ բազմաքանակ չէ (աննշան թվով մարդիկ էին այդ խելահեղությանը մասնակցել), չնայած մինչև դատարանների շրջափակումը հակառակ տեսակետն էր գերակշռում:

Պարզ ասած, օխլոկրատիայից դեմոկրատիայի է պետք անցնել և առաջին հերթին ունենալ պատասխանատվություն ու խոհեմություն, իսկ բարեկեցությունը դրա հետևանքն է»։

Ավելին
Back to top button