Նորություններ

Ամփոփվել է եգիպտական պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Հայաստանում

Երևանում այսօր ամփոփվել է հունիսի 10-ից 12-ը «Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում» խորագրով ուսուցողական այցի շրջանակում Հայաստան ժամանած Եգիպտոսի մի շարք նախարարությունների, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության այցը։ Ամփոփիչ քննարկմանը ներկա են գտնվել ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։

Իր ողջույնի խոսքում դեսպանը կարևորել է հայ-եգիպտական բազմադարյա կապերը և նկատել, որ երկու երկրների միջև առկա է դեռևս չիրացված համագործակցության մեծ ներուժ։

Ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ (մինչև 2018)։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  հետ համատեղ։

Պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ համայնքային ծառայությունների մատուցման և ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման ոլորտներում հայաստանյան փորձին, մասնավորապես՝ ՀՀ համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակներին (ՔՍԳ) և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին (ՀԿՏՀ)։

Պատվիրակությունը մասնակցել է Երևանում կայանալիք կլոր սեղան քննարկումներին, այցելել «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Ծրագիրն ավարտվել է պատվիրակության Գառնի և Գեղարդ այցելությամբ։

Ավելին
Back to top button