Նորություններ

«Սանիթեք» -ի հետ պայմանագրով ունենք բազմաթիվ կետեր, որոնցով կարող ենք լուծարել այդ պայմանագիրը. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ԱԺ-ում պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ քաղաքապետն ասաց, որ իրենք արել են ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս կարողություն չունի սպասարկելու Երևան քաղաքին։

Ըստ նրա՝  այլևս «Սանիթեք»-ի մեքենաների ու աշխատուժի քանակը  չի բավարարում:

«Մեքենաների տեխնիկական վիճակը գրեթե հասել է 0-ի։ Նրանց խոսքով՝  իրենք օրական 12-18 մեքենա են հանում, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում է, այսինքն՝ քիչ քանակությամբ մեքենաներ են սպասարկում քաղաքը, և այն, ինչ մենք տեսնում ենք, զուտ դրա արդյունքն է»,- ասաց նա։

Քաղաքապետը պնդեց, որ ընկերությունը չի ցանկանում գումարներ ներդնել: Խոսեց նաև աղբամանների խնդրի մասին՝ նշելով.

«Ասացի՝ եկեք ժամանակացույց կազմենք, որ սկսեք բերել աղբամաններ, իրենք ասացին՝ շատ լավ,  տվեցի 1500 աղբաման բերել, որոնք  տարվա ընթացքում կբերեն։ 1500-ը շատ քիչ էր, բայց ասացինք, որ գոնե այսքանը լինի, բայց իրենք տապալեցին ժամանակացույցը և ուղղակի չբերեցին։ Այդտեղ հասկացա, որ եթե աղբամանը չի բերվում, ապա մեքենաների մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Հարցին, թե հնարավո՞ր է «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվի, Հայկ Մարությանն արձագանքեց, որ ժամանակը ցույց կտա:

Անդրադառնալով աշխատանքից հեռացված վարորդի խնդրին՝ քաղաքապետն ասաց, որ դա եղել է գծատիրոջ որոշումը, քաղաքապետարանը դրա հետ կապ չունի, սակայն ընդգծեց, որ դա գլոբալ խնդիր է մեր երկրի ճանապարհատրանսպորտային համակարգում:

 

Ավելին
Back to top button