ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Կոտայքի մարզպետն այս ընտրությունները սարքել էր կյանքի և մահվան հարց. քաղաքագետ

«Աբովյանում գործող քաղաքապետի հաղթանակն օրինաչափ էր, որովհետև քաղաքի վարչական ռեսուրսները նրա ազդեցության տակ էին գտնվում, այդ թեկնածուն վայելում է Հայաստանի ամենահարուստ մարդու աջակցությունը, ով նաև ահռելի ռեսուրսներ ունի, և Աբովյանում այդ մարդու հաղթանակը չպետք է սենսացիա համարվի»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանն՝ անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին:

Քաղաքագետը համակարծիք է վարչապետի հետ, որ Աբովյանում հաղթել է  ժողովրդավարությունը.

«Նախկինում իշխանության թեկնածուները մշտապես հաղթում էին, շատ չնչին բացառություններով, շատ քիչ էին լինում դեպքերը, որ իշխանության թեկնածուն պարտվում էր, և կարելի է ասել՝ ստեղծվել էր մի իրավիճակ, որ ընտրությունների ելքը ընտրություններից առաջ նախօրոք կանխորոշված էր լինում»:

Քաղաքագետն ընդգծեց, որ Աբովյանում տեղի ունեցած նախորդ ընտրությունների համեմատ գործող քաղաքապետը կորցրել է բավականին ձայներ, մոտ 3000 ձայն, քաղաքագետի դիտարկմամբ՝ այս փաստից գործող քաղաքապետը պետք է լուրջ հետևություններ անի:

Մեր դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրություններում իշխող քաղաքական ուժը նույն Աբովյանում հաղթել էր ձայների բացարձակ մեծամասնությամբ, արդյոք սա նշանակում է, որ իշխող ուժի վարկանիշը նվազել է, Արմեն Վարդանյանն ասաց, որ խորհրդարանական ընտրությունների և ՏԻՄ ընտրությունների արդյունքները չպետք է միմյանց հետ համեմատել, բացարձակ տարբեր ընտրություններ են:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործողություններին՝ քաղաքագետն ասաց՝ Կոտայքի մարզպետն այս ընտրությունները սարքել էր կյանքի և մահվան հարց, սակայն նա չպետք է  այդքան հեռու գնար:

 

Ավելին
Back to top button
Close