Նորություններ

«Այն մարդիկ, ովքեր փորձել են թունավորել Երևանի և Արցախի հարաբերությունները, պետք է լքեն իշխանությունը». Ստյոպա Սաֆարյանը՝ Բալասանյանի հրաժարականի մասին

«Ես կատեգորիկ բացառում եմ, որ ՀՀ իշխանությունների կողմից որևէ ճնշում է գործադրվել Արցախում Վիտալի Բալասանյանին կամ որևէ մեկին աշխատանքից հեռացնելու կապակցությամբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ, հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ պաշտոնից ազատվելուն և շրջանառվող տեղեկություններին, թե դա եղել է ՀՀ իշխանությունների կողմից առաջադրված պահանջ Արցախի իշխանություններին:

Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց սակայն, որ ակնհայտորեն կիսում է ՀՀ վարչապետի հայտնած զարմանքը և զայրույթը, որ փակ դռների հետևում ՀՀ իշխանությունների ներկայացրած տեսակետներն արցախյան խնդրի կարգավորման կապակցությամբ, որն ըստ էության բավարարել է Արցախի իշխանություններին, ԱԱԽ քարտուղարը կամ Արցախի նախագահի խորհրդականը հրապարակայնացնում են՝ տարօրինակ մեկնաբանություններով:

Սաֆարյանի խոսքերով՝ քանի որ արցախյան հակամարտությունը ՀՀ արտաքին քաղաքականության թելադրողն է, և այդ քաղաքականության վրա են կառուցված ամբողջ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները, այս առումով Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև որևէ լուրջ տարաձայնություն ուղղակի կարող է շատ վատ հետևանք ունենալ, հետևաբար եթե Ստեփանակերտում կան մարդիկ, ովքեր ունեն այլ պատկերացում, բնականաբար նրանք պետք է դուրս գան իշխանությունից:

«Այն մարդիկ, ովքեր փորձել են թունավորել Երևանի և Արցախի հարաբերությունները գոնե պաշտոնական մակարդակում, այդ մարդիկ պետք է լքեն իշխանությունը: Պաշտոնական Երևանը ճնշումներ չի գործադրում Ստեփանակերտի վրա»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց նաև. «Մի գեղեցիկ օր գալու է Արցախը ներկայացնելու խնդիրը բանակցություններում, և իրենք պետք է այդ բանակցություններում պատշաճ ներկայանան և ոչ թե 17 կարծիքով»:

Ավելին
Back to top button