Նորություններ

«Արդարադատության նախարարությունը պետք է ստանձներ դրոշակակրի դերը, նաև պետք է լոկոմոտիվը դառնար, ինչը չեղավ». Նորայր Նորիկյան

«Այն հանգամանքը, որ վարչապետի՝ երկրից բացակայության պարագայում ներկայացվեց այդ հրաժարականը, և հրաժարականից հետո կցկտուր խոսակցությունները կամ հրապարակային արձագանքները, այդ թվում նաև իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչների կողմից, հնարավորություն են տալիս արձանագրելու, որ, այնուամենայնիվ, խորքային պատճառներ են եղել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանն՝ անդրադառնալով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականին:

Փաստաբանի խոսքով՝ անցել էր մեկ տարի, և դատաիրավական համակարգում տեղի ունեցող գործընթացի մեջ Արդարադատության նախարարությունը պետք է ստանձներ դրոշակակրի դերը, նաև պետք է լոկոմոտիվը դառնար, ինչը չեղավ։

«Մենք գործ ունենք մի անկյունաքարային նախարարության հետ, որը 24 ժամ պետք է աշխատի, որի ղեկավար կազմը պետք է օրնիբուն, առանց քնելու աշխատի՝ ստեղծելու այն ինստիտուցիոնալ համակարգերը, որոնք հնարավորություն կտան աշխատեցնելու ողջ պետական կառավարման համակարգը: Այս նախարարությունում ուժեղ ձեռք է պետք, քաղաքացիական խիզախություն և համարձակություն ունեցող, բարեփոխումներ իրականացնելուն միտված անձ է պետք, որ կարողանա հստակ ներկայացնել ճանապարհային քարտեզ, ունենա հստակ ռազմավարություն»:

Ըստ Նորիկյանի՝ բարեփոխումներն իրականացնելու տեմպի խնդիր կա, որի իրավունքը մենք ուղղակի ունենք, քանի որ հանրությանը ներկայացվել են ուղերձներ ՀՀ-ում օրինականության վերականգնման գործընթացի վերաբերյալ, պատժի անխուսափելիության սկզբունքի կիրառման վերաբերյալ և ընդհանրապես իրավական պետության, սահմանադրական հասարակության ձևավորման վերաբերյալ:

«Ինձ ընդամենն արդյունքն է հետաքրքիր, մենք եթե հայտարարում ենք մի բան, դրա հետևից գնո՞ւմ ենք մինչև վերջ… հանրությունը տվել է լեգիտիմ մանդատը գործող իշխանությունների, ասել է՝ եղբայր, ես 70% և ավելին վստահության քվե եմ տալիս, որպեսզի դու իմ անունից իրականացնես այն գլոբալ փոփոխությունները, որը ես եմ ուզում»:

Նորայր Նորիկյանի կարծիքով հանրությունը գործող իշխանություններից շատ բան չի ուզում, ընդամենը երկուսը. ՀՀ-ում հաստատել օրինականություն և վերադարձնել ՀՀ-ից և հասարակությունից գողացվածն ու թալանվածը վերջին 20-30 տարիների ընթացքում:

Անդրադառնալով նաև Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող թեկնածուն նորից վերընտրվեց՝ հաղթելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչին, փաստաբանն ընդգծեց, որ աշխարհի ոչ մի երկրում որևէ իշխող քաղաքական ուժի չի հաջողվել մշտապես պահպանել իր բարձր հեղինակությունը, ռեյտինգը, ուստի սա բնական և օրինաչափ գործընթաց է:

Ավելին
Back to top button