Նորություններ

Ղազախստանի ընտրություններն անցել են առանց մրցակցության

Ղազախստանում հունիսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները վկայում են այդ երկրում ժողովրդավարության խորը ճգնաժամի մասին։

Այս տարվա մարտի 19-ին Ղազախստանը 30 տարի շարունակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո նախագահի լիազորությունները ստանձնել էր նրա թիմակից Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը և կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում, փաստացի առանց մրցակցության, հավաքելով ձայների ավելի քան 70 տոկոսը, ընտրվեց Ղազախստանի նախագահ։

Ինչո՞ւ էին ընտրությունները ոչ մրցակցային

Հունիսի 9-ի ընտրություններին Ղազախստանում մասնակցում էր յոթ թեկնածու՝ իշխող «Նուր Օթան» կուսակցությունից Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, խորհրդարանական «Ակ Ժոլ» կուսակցության պատգամավոր Դանիա Եսպաևան (5.05%), Կոմունիստական կուսակցության պատգամավոր Ժամբիլ Ախտամբեկովը (1.82%), Ձիասպորտի ազգային մարզաձևերի ֆեդերացիայի փոխնախագահ Սադիբեկ Տուգելը (0.92%), Ղազախստանի արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Ամանգելդի Տասպիխովը (1.98%), արտախորհրդարանական «Աուըլ» կուսակցության ներկայացուցիչ Տելեուպայ Ռախիմբեկովը (3.04%) և «Ուլտ Տագդըրը» ազգային-հայրենասիրական շարժման ներկայացուցիչ Ամիրժան Կոսանովը (16․23%)։

Հարկ է նշել, որ Ղազախստանում արդեն տարիներ շարունակ գրեթե բացակայում են ներքին քաղաքական գործընթացները։ Նուրսուլթան Նազարբաևի «Նուր Օթան» կուսակցությունը, որի անդամ է նաև նորընտիր նախագահ Տոկաևը, 2016-ի խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 80 տոկոսը։ Խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը՝ «Ակ Ժոլը» և Կոմունիստական կուսակցությունը, մեծապես հավատարիմ են մեծամասնությանը։

Ընդհանուր առմամբ, բացի այս երեք կուսակցությունից, Ղազախստանում գործում են ևս երեքը՝ «Աուըլ», «Բիրլիկ» և ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։ Վերջիններիս գործունեության մասին տեղեկություններ, սակայն, վերջին տարիներին չկան, և դրանք որևէ տեսանելի ակտիվություն չեն ցուցաբերում։

Բացի սա, պետք է արձանագրել, որ հունիսի 9-ի ընտրությունները Ղազախստանում անցել են ընդդիմադիր տրամադրված ուժերի բոյկոտի պայմաններում։ Ընտրությունները բոյկոտելու վերաբերյալ կոչեր Ղազախստանում հնչել են դեռ մայիսին, և այդպիսի կոչերով հանդես եկած տասնյակ ցուցարարներ էին բերման ենթարկվել ղազախական տարբեր քաղաքներում։ Մայիսին նաև Կիևում էին նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչով հանդես եկել մի շարք ղազախստանյան ընդդիմադիր ուժեր։ Տոկաևից հետո երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն՝ Կոսանովը, թեև ներկայանում է որպես ընդդիմադիր թեկնածու, սակայն չունի մյուս ընդդիմադիրների աջակցությունը և համարվում է իշխանությունների կողմից «թույլատրված» թեկնածու։

Ուշագրավ է նաև, որ Ղազախստանում չի կարող առաջադրվել նախագահի անկախ թեկնածու, այլ պետք է առաջադրվի որևէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության կողմից։ Ընդ որում, Ղազախստանում կուսակցություն գրանցելու ընթացակարգը ծայրաստիճան բարդացված է, ինչը գործնականում անհնար է դարձնում նոր գործիչների հայտնվելը քաղաքական թատերաբեմում։

Ի՞նչ են ասում դիտորդները

Ղազախստանում նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել ԱՊՀ-ն և ԵԱՀԿ-ն՝ հանդես գալով տրամագծորեն տարբեր հայտարարություններով։ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը, մասնավորապես, ամփոփելով ընտրությունները, հայտարարել է, որ «ընտրություններն անցկացվել են Ղազախստանի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ինչպես նաև համապատասխանում են ժողովրդավար ընտրությունների սկզբունքին, այն է՝  ազատ են, արդար, բաց, թափանցիկ և մրցակցային»։

Այնինչ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Կիներ Նելլենը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ղազախստանում ընտրություններն ուղեկցվել են ակտիվիստների և լրագրողների համատարած ձերբակալություններով։ Ընդ որում, ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության համակարգող Գեորգի Ծերեթելիի խոսքով, ղազախական ընտրական համակարգի կարևորագույն խնդիրներից է թեկնածուների գրանցման և առաջադրման գործընթացը։ Ըստ Ծերեթելիի, ընտրությունները ցույց տվեցին, որ Ղազախստանում անհրաժեշտ են քաղաքական, սոցիալական և իրավական իրական բարեփոխումներ։

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ 30-ամյա կառավարումից հետո Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը որևէ դրական ազդեցություն չի ունեցել Ղազախստանում ժողովրդավարության վրա, իսկ այդ երկրում տեղի ունեցած փոփոխությունն ընդամենը իշխանության փոխանցման գործողություն էր։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ավելին
Back to top button
Close