Նորություններ

ՔՊ-ն փորձում էր կրկնել Երեւանի ընտրությունների փորձը Աբովյանում, բայց պարտվեց. Էյֆորիան անցել է

Աբովյանում տեղի ունեցած ընտրությունների, իշխանական թեկնածուի պարտության և այլ մանրամասների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի հետ:

– Պարոն Բադալյան, Ձեր գնահատականն Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին, արդյոք սա իսկապես ժողովրդավարության հաղթանակն էր, ինչպես մեկնաբանեց վարչապետը:

– Կիրակի օրը Հայաստանի 23 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնցից ամենակարևորը Աբովյան համայնքի ընտրությունն էր, և հասկանալի է, թե ինչու, որովհետև միշտ նշվում էր, որ հեղափոխությունն Աբովյան չի հասել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աբովյանում առավել ուժեղ էր ԲՀԿ ազդեցությունը, և ոնց որ թե նպատակ էր դրված այդ ազդեցությունը տապալել և հեղափոխությունը հասցնել շարքային քաղաքացիներին: Ինչպես ասում է իշխող քաղաքական ուժը, արժանապատիվ քաղաքացին այնտեղ պետք է հաղթեր: Բնականաբար նրանք դրա համար ներդրեցին բոլոր ջանքերը, բայց ընդհուպ մինչև վարչապետն անձամբ մասնակցեց քայլերթին, սակայն դա իր հաջողությունը չունեցավ, և պարտություն կրեցին:

– Եվ որո՞նք էին այդ պարտության պատճառները:

– Դրա առաջին պատճառն այն էր, որ իշխող քաղաքական թիմն իր ամբողջ հույսը դրել էր վարչապետի բարձր վարկանիշի վրա և մտածում էր կրկնել Երևանի հաջողությունը, այսինքն վարչապետը փաստացի քարոզարշավ էր իրականացնում Երևանի քաղաքապետի փոխարեն, և նույն այդ տեխնոլոգիան փորձում էին իրականացնել Աբովյանում՝ հաշվի չառնելով, որ հեղափոխությունից անցել է մեկ տարի, և հիմա այլ պայմաններ են:

Եթե անցյալ տարի սեպտեմբերին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դեռևս հեղափոխական էյֆորիան շատ ուժեղ էր, և քաղաքացիները պատրաստ էին ուղղակի քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, ում ցույց կտար վարչապետը, հիմա հեղափոխական էյֆորիան ավարտվել է, և քաղաքացիներն ավելի ռացիոնալ մոտեցում ցուցաբերեցին ընտրական գործընթացին: Նրանց համար տեսանելի էր, որ իշխող քաղաքական թիմի թեկնածուն չունի քաղաքի զարգացման որևէ ծրագիր, քաղաքական բովանդակություն չի հաղորդում ընտրարշավին, և նրա աջակիցն ընդամենը վարչապետի բարձր վարկանիշն է: Թեկնածուն չէր ներկայացնում քաղաքի զարգացմանն ուղղված ծրագիր, և դրանից օգտվում էր գործող քաղաքապետը, որովհետև արդեն իր գործով ապացուցել էր այն, ինչ որ մյուսը պետք է ապացուցի իր ծրագրով, իսկ Աբովյանի քաղաքացին կատարեց ռացիոնալ ընտրություն: Սա պարտության հիմնական պատճառներից էր:

– Արդյոք ԲՀԿ-ի սատարումը նշանակություն ունեցավ գործող քաղաքապետի թեկնածուի վերընտրման հարցում:

– Իհարկե ունեցավ, որովհետև այդ նույն քաղաքում չորս ամիս առաջ, երբ տեղի ունեցան ընտրություններ, «Իմ քայլը» ստացել էր մոտավորապես 13 հազար ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 3000: Այդտեղ հասկանալի էր, որ այդ ընտրողները միայն «Իմ քայլ»-ի հավատարիմ ընտրողները չէին: Մի քանի ամիս անց տեսնելով՝ «Իմ քայլը» էական հաջողություններ չունի ոչ մի բնագավառում, այն ընտրազանգվածը, որն անցյալ տարի դեկտեմբերի 9-ին ԲՀԿ-ից գնացել էր դեպի «Իմ քայլը», հիմա նորից վերադարձավ ԲՀԿ, որովհետև գտան, որ այս պահի դրությամբ ԲՀԿ-ն ավելի ճիշտ քաղաքականություն է իրականացնում, քան «Իմ քայլը»:

– Իսկ մարզպետի գործողություններին ինչպե՞ս եք վերաբերվում: Կարծիքներ եղան, որ մարզպետը լավ կանի հրաժարական տա, քանի որ փչացրեց ընտրությունները:

– Մարզպետը հրաժարական կտա, թե ոչ, դա իշխող քաղաքական թիմը կորոշի, սակայն մեծ իմաստով մարզպետն այդտեղ որևէ բան չէր էլ կարող անել: Նա իր փաստացի ռեսուրսով չէր կարող լրացնել այն բացը, որը կար և այդ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ: Դա իշխող քաղաքական թիմի ապագաղափարական, ապաքաղաքական կառույց լինելն էր: Իսկ այստեղ մարզպետն անելիք չունի, նա լավագույն դեպքում կարող էր կազմակերպչական հարցերին մասնակցել, բայց նա չէր կարող քաղաքական բովանդակություն դնել:

Դա կարող էր վարչապետը տալ, բայց նա էլ չի ուզում, որովհետև ինքը «իզմ»-երից հրաժարվել է, և ամեն ինչ իր վարկանիշի վրա է, ինչը չկա, և սա երկրորդ ապացույցն էր: Առաջինը դատարանների շրջափակումն էր, երբ վարչապետի կոչով ընդամենը մի 2000 հոգի դուրս եկան ամբողջ հանրապետությունում: Հիմա վարչապետի վարկանիշը բավարարեց ընդամենը 8000 ձայնի: Ի դեպ, նշենք, որ այս ընտրություններում ընտրական տեխնոլոգիաներ չօգտագործվեցին:

Ավելին
Back to top button
Close