Նորություններ

Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլար ամբողջ կյանքս կործանելու համար. Իսախանյանը դիմում է գրել դատարանին. armtimes.com

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր է ներկայացվել «Սեւան» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Իսախանյանի գրությունը: Իսախանյանն այն անձն է, որը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանն իրեն խոշտանգել է:

Գրության մեջ մասնավորապես ասվում է. «Հարգարժան դատարան, Մանվել Գրիգորյանի գործով հանդիսանում եմ տուժող, Գրիգորյանը ինձ 22 օր պահել է պադվալներում, խոշտանգել է ու սպառնացել: Հայտնում եմ, որ ես չեմ ստացել իմ մասով մեղադրական եզրակացությունը եւ չգիտեմ՝ ինչու դատակոչի ցուցակում չկամ: Հարգելի՛ դատարան, խնդրում եմ՝ ինձ ներգրավել դատակոչի ենթակա անձ՝ տուժող: Խնդրում եմ, որպես քաղհայց հօգուտ ինձ Մանվել Գրիգորյանից բռնագանձեք 5 միլիոն դոլարին համարժեք դրամ՝ ամբողջ կյանքս կործանելու համար»,- նշել է Իսախանյանը եւ կից ներկայացրել լուսանկարներ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ դատարանը պատրաստվում է գրավոր պատասխան ուղարկել դիմումատուին այն մասին, որ իրեն առնչվող մասով մեղադրանք չկա: Նշենք, որ մեղադրական եզրակացությունը ուղարկվում է գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձին, իսկ Իսախանյանը սույն գործի անջատված մասով որեւէ կարգավիճակ չունի: Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն էլ նշեց, որ Իսախանյանի մասով ժամանակին հաղորդում է ստացվել եւ այդ մասով հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է:

Նշենք, որ ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը իրեն շուրջ 22 օր շղթայակապ է պահել ու խոշտանգել:

Իսախանյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել։ 2014թ. նախորդ դատվածությունը չմարված՝ նա դատապարտվել է մեկ այլ հանցանքի՝ խարդախություն կատարելու համար։ Նախորդ պատժաչափին գումարվել էր նորը եւ նա դատապարտվել էր վեց տարի, վեց ամիս ժամկետով ազատազրկման։

armtimes.com

Ավելին
Back to top button