Նորություններ

«Եթե ընտրությունները տեխնիկապես չեն կեղծվել, դեռ չի նշանակում, որ գործ ունենք ժողովրդավարական պրոցեսի հետ»

«Մասնավորապես բավականին խնդրահարույց էր ոստիկանության պահվածքը, երբ ոստիկանությունը բաժին տարավ թեկնածուներից մեկի մոտ 30 կողմնակիցների, բայց այնպես էլ չունենալով որևիցե փաստեր այդ անձանց կողմից  վարչական իրավախախտում կամ քրեական հանցագործություն կատարած լինելու մասին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով երեկ Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին, որտեղ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը վայելող թեկնածուն նորից  վերընտրվեց՝ հաղթելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչին։ Իոաննիսյանն ընդգծեց, որ իրականում ժողովրդավարությունը չի հաղթել:

Ըստ Իոաննիսյանի՝ գործող ընտրական օրենսգիրքը չի խրախուսում քաղաքական գաղափարների, ծրագրերի մրցապայքարը, ուստի Հայաստանում պետք է  իրականացվի արմատական ընտրական բարեփոխում:

«Գործող ընտրական օրենսգիրքը  ստեղծված է այնպես, որ խրախուսի ռեսուրսների պայքարը, և անկախ նրանից, թե որ թեկնածուն է հաղթել, այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ ռեսուրսների պայքարը որևէ աղերս չունի ժողովրդավարության հետ։ Ըստ այդմ ասել, որ Աբովյանում ժողովրդավարությունը հաղթել է, մի քիչ սխալ է»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողը շեշտում է, որ ժողովրդավարական ընտրությունները դեռևս չի նշանակում ընտրություններ, որոնք չեն կեղծվել, այն ավելի լայն հասկացություն է. պետք է հասկանալ՝ ընտրողի որոշման կայացումը որքանով է ժողովրդավարական:

«Ես չէի շտապի որևիցե պնդում անել վարկանիշների հետ կապված, որովհետև, այդուհանդերձ, այդ պնդումները պետք  է լինեն կոնկրետ մեթոդաբանությամբ, կոնկրետ  ուսումնասիրության արդյունքում, և ոչ թե մարդիկ, կոպիտ ասած, մատից հոտ քաշեն ասեն՝ այ ուրեմն Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն աճեց կամ նվազեց»:

 

 

Ավելին
Back to top button
Close