Նորություններ

Բժշկական համալսարանի ղեկավարությունն արձագանքում է ՊՎԾ հայտարարությանը

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավարությունն արձագանքել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության հայտարարությանը, համաձայն որի համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։

Հայտարարությունում ասվում է.

«Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը:

Թե որքանով է պրոֆեսիոնալ, գործընկերային, ճիշտ և տեղին հայտարարություններ անելը մինչև վերահսկողության ենթարկված հաստատության՝ այս դեպքում ԵՊԲՀ-ի պաշտոնական պատասխանը չստանալով, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը:

Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում շուրջ 6 ամիս ուսումնասիրություններ են իրականացվել՝ ուսումնասիրության ժամանակահատվածն է եղել 2015-2018 թվականները:

Այժմ տեղեկանքում նշված փաստերի մասին. ներկայացված 2 տվյալների ժամանակահատվածը 2015-2016 թվականներն են, սակայն հայտարարության մեջ ՊՎԾ-ի կողմից ներկայացված «փաստերը» դեռևս իրավականորեն հաստատված չեն, ինչի մասին, ի տարբերություն ՊՎԾ-ի, կներկայացնենք փաստարկված և օրենքի տառին համապատասխան:

Հավելենք, որ ՊՎԾ-ի տեղեկանքում, հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները՝ թե ֆինանսական և թե կազմակերպչական, միգուցե կամ տեխնիկական բացթողում է եղել դրանց չարձանագրումը ՊՎԾ-ի հայտարարության մեջ կամ ՊՎԾ-ն աշխատաքային նման գործելաոճ է որդեգրել՝ խոսել միայն բացթողումների մասին՝ չսպասելով համապաստախան պատասխանին:

Ավելացնենք, որ ուսումնասիրության ողջ ընթացքում ԵՊԲՀ-ի աշխատակիցները կառուցողական և պատրաստակամ աշխատել են ՊՎԾ ներկայացուցիչների հետ և ի տարբերություն ուսումնասիրության ընթացքում երկուստեք պրոֆեսիոնալ մոտեցումներին, պետք է փաստենք, որ նմանաբովանդակ հայտարարությունն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս և հուսով ենք, որ ՊՎԾ-ն անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կներկայացնի՝ տարատեսակ տարընկալումներից խուսափելու համար:

Վերջում, քանի որ հենց ՊՎԾ-ի կողմից առիթ ընձեռնվեց հրապարակային խոսել ուսումնասիրության արդյունքների մասին, կցանկանայինք նաև շնորհակալություն հայտնել ՊՎԾ աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում աշխատանքների ամփոփումների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կլինի արհեստավարժ և օբյեկտիվ՝ ինչպես ուսումնասիրության ողջ ընթացքը»:

Back to top button
Close