ՆորություններՔո ձայնը

«Մեզանում ընդունված չէ սեփական կոպիտ սխալները, թերացումները կամ տգիտությունն ընդունելը»

Քաղաքագետ Սարո Սարոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ատում եմ չարախնդությունը, ուստի խոսքս տարրական տրամաբանության հիման վրա վերլուծություն է։

Ընտրություններում Աբովյանի քաղաքապետ ընտրվեց գործող քաղաքապետը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվեց։ Ընդ որում, կես տարի առաջ ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ձայները մի քանի հազարով ավելին էին, քան ներկա ընտրություններում ՔՊ թեկնածուի ստացած ձայներն են։

Կա երկու բացատրություն, թե ինչու ՔՊ թեկնածուն պարտվեց։ Կամ գործող քաղաքապետն ու ԲՀԿ-ն ինչ-որ ստվերային մեխանիզմներով ազդել են ընտրողների ազատ կամաարտահայտության վրա, կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդեպ վստահությունն ընկել է։

Առաջին տարբերակ։ Եթե առաջին հանգամանքն է դեր խաղացել, ապա ընդհանուր առմամբ դրանք ազատ ընտրություններ չեն կարող կոչվել։ Դրա հետ մեկտեղ, եթե կան մարդիկ, որ կպնդեն հենց այդ հանգամանքի վրա, ապա ստիպված պետք է ընդունեն, որ պետական որոշակի ինստիտուտներ պրոֆեսիոնալ չեն ու չեն կարողանում բացահայտել ստվերային ազդեցության կոնկրետ դեպքերը, մեխանիզմները։ Անգամ եթե ոմանք խնդիրը փորձեն տեսնել օրենքի անկատարության մեջ, այն է՝ իբրեւ թե օրենքով քիչ լիազորություններ ունեն իրավապահ մարմինները՝ բացահայտելու համար նման բարդ ստվերային ազդեցությունները, ապա դրա համար կա Ազգային ժողով։ Կես տարի է նոր ընտրական օրենսգիրքը ու հարակից օրենքներում փոփոխություններն ու լրացումները կառավարությունը կամ «Իմ քայլը» դաշինքը կարող էր ընդունել ԱԺ-ում։ Թե ովքեր են թերանում, թող որոշեն ներկա կառավարողները։ Բայց քանի որ մտահոգ տարբեր մարդկանց կողմից հազար անգամ ասվել ու ասվում է պետական կառավարման գրեթե բոլոր օղակներում ոչ պրոֆեսիոնալ գործելակերպի մասին, ուստի ներկայումս ստվերային ազդեցությունների վարկածը պնդելու դեպքում կառավարությունն ինքը պետք է ընդունի իր կառավարման թերացումներն ու հմտության պակասը։ Չի կարող այնպես լինել, որ ստվերային ազդեցություններ գործող շրջանակներն ավելին լինեն, քան պետական ինստիտուտները, որոնք իբրեւ թե չեն կարողանում ձեւակերպել այդ ստվերային գործունեության հանրային վտանգավորությունը, չեն կարողանում նախականխել ու բացահայտել այդ դեպքերը։ Հետեւաբար, գործ ունենք պետական մարմինների մասնագիտական թույլ որակների հետ։ Իսկ դա իր հերթին հիմնականում պատասխանատվության սլաքներն ուղղում է քաղաքական ղեկավարության վրա՝ ցուցանելով նրա անհետեւողականությունն ու անսկզբունքայնությունը։

Երկրորդ տարբերակ։ Եթե Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդեպ հանրային վստահության անկումն է պարտության պատճառը, ապա դա եւս պետք է իր նախապատճառներն ունենա։ Դրանք կարող են լինել կամ կառավարման լծակներն իր ձեռքում կենտրոնացրած ուժի թերացումները, սխալները, խոստումնազանցությունները, կամ ՔՊ-ին հաղթած ուժի առաջադեմ նոր որակները։ Աբովյանի գործող քաղաքապետն ու ԲՀԿ-ն վերջին կես տարվա ընթացքում նոր որակներով չեն երեւակվել, դրա փաստերը չկան։ Ուստի, եթե կառավարող ուժը ստիպված է ընդունել, որ ոչ թե ստվերային ազդեցություններն են իրենց թեկնածուի պարտության պատճառը, ապա դրա հետ մեկտեղ պետք է ընդունի, որ կոնկրետ ինքն է թերացել, սխալվել կամ խոստումնազանց եղել։ Իսկ թե կոնկրետ ինչում, ապա հենց իրենց լուրջ հետաքննության առարկան է դա։ Միայն թե ինքնախաբեությամբ կամ դիմացինի խաբեությամբ չզբաղվեն, դա ոչ մի լավ հետեւանքների չի բերի, վկա վերջին քսան-երեսուն տարվա պատմությունը։ Պարզապես մեզանում ընդունված չէ սեփական կոպիտ սխալները, թերացումները կամ տգիտությունն ընդունելը։ Բա մեզ պալոժ ա՞․․․»։

Ավելին
Back to top button