ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ի՞նչ սևազգեստ խմբերի մասին էր հայտարարում վարչապետը, ովքե՞ր են շրջում քաղաքում

Թավշյա և ոչ բռնի հեղափոխության տրամաբանությունից դուրս որոշ ուժեր փորձում են լեգիտիմացնել բռնությունը, այս մասին ահազանգեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում:

Իրավապահ համակարգին հորդորեց գործել ոչ թավշյա տրամաբանությամբ: Սրան հաջորդեցին իրավապահների երկաթյա և կոշտ գործողությունները:

Վարչապետի հայտարարությունը՝ սևազգեստ խմբերի, բռնության կոչերի ու ամենաթողության մթնոլորտ ստեղծելու մասին, քննարկվեց ու քննադատվեց բոլոր շրջանակներում: Օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիք ունեն երևույթի մասին: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն անիմաստ ու վտանգավոր որակեց վարչապետի հայտարարությունը:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ-ի պատգամավոր Արման Աբովյանը ևս չափազանց վտանգավոր համարեց բևեռացումներն ու երանգավորումները հասարակության մեջ:

Ի պատասխան բևեռացումների ու տարանջատումների վերաբերյալ մտահոգությունների՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից Արփի Դավոյանը վստահեցրեց՝ նման միտումներ չկան:

ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս անդրադարձավ խնդրին՝ ասելով՝ օրենքի առաջ բոլորն են հավասար, անկարգությունները պետք է պատժելի լինեն:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը խնդրին նայում է իրավապահների աշխատանքի տեսանկյունից, ասում է՝ ամիսներ շարունակ սաբոտաժ են արել ու չեն աշխատել:

Բռնության ու անհանդուրժողականության կոչերը սկսվեցին վարչապետից՝ սլաքները կառավարության կողմ ուղղեց Գևորգ Գորգիսյանը:

Ի պատասխան «Իմ քայլ»-ից ասացին՝ չեն հիշում դեպք, երբ իշխանության կողմից բռնության կոչեր հնչեն:

Ինչպես պետք է իրականացնել սևազգեստ մարդկանց դեմ պայքարը, զգացել են արդյոք խորհրդարանականները նման մթնոլորտ՝ կարծիքները տարբեր են:

Հետհեղափոխական Հայաստանում արդյոք սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է, ընդդիմադիրներն այդ կարծիքին չեն:

Սիրո և հանդուրժողականության մթնոլորտի, սևազգեստ խմբերի և իշխանության մտավախությունների մասին հարցրինք նաև քաղաքացիներին:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ վարչապետի հայտարարությունը նորություն չէր:

Նրա դիտարկմամբ՝ այս հարցը չպետք է հասներ երկրի ղեկավարին, իսկ իրավապահները մինչ այս չեն աշխատել, քանի որ չեն ցանկացել բացահայտել սեփական կադրերին:

Ավելին
Back to top button