Նորություններ

Աբովյանում տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

Այսօր՝ հունիսի 8-ին՝ ժ. 04-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 46-ամյա բնակչին պատկանող  բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ հրկիզման միջոցով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը»։

Ըստ Հարությունյանի՝ 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ տուժողը Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ Գրիգոր Գուլյանի շտաբներից մեկի պետն է։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները. «Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»:

 

Ավելին
Back to top button