Նորություններ

Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Արա Մինասյանից

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգո Երիցյանի նախագահությամբ, երեկ՝ հունիսի 7-ին, բավարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի նախկին տնօրեն Արա Մինասյանի հայցն ընդդեմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ պարտավորեցնելով վերջինիս հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել Մինասյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Բանն այն է, որ 2018 թվականի հուլիսի 27-ին Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով «Տուշոնկեքի մասին» անունը կրող ուղիղ եթերի ժամանակ որոշակի արտահայտություններ է հնչեցրել հայցվորի հասցեին։ Թորոսյանը մասնավորապես ասել է. ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ն ունի արդյունավետությունը բարձրացնելու լուրջ խնդիր, ու մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու: Իմ որոշումը այսօր միայն դրանով էր պայմանավորված, որ չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել: 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ: Մենք ստուգում ենք 2016, 2017թթ.-ները և 2018թ.-ի մի մասը, պատկերացրեք՝ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի: Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց: Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ: Եթե մարդիկ տեսարանների են սպասում, որպեսզի որոշումները հիմնավորված լինեն, խնդրեմ՝ տեսարան, նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է՝ ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ:Կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական: Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից: Ինչ վերաբերում է քրեական գործին և իրավական հետևանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից, ու դրանք պետք է ունենան նաև իրավական հետևանքներ։ Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի, վերջ, շնորհակալություն»:

Դատարանն արձանագրել է, որ խոսքի ազատությունը չի կարող իրականացվել անձի արժանապատվությունը արատավորելու և հեղինակությունը վիրավորելու եղանակով: Ավելին, անկախ այն հանգամանքից, թե տեսանյութում ինչ կարգավիճակով է հանդես եկել Արսեն Թորոսյանը (մասնավոր անձ, թե պաշտոնատար անձ), չպետք է մոռանալ, որ նա ամեն դեպքում հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար (բարձրաստիճան պաշտոնատար անձ): Ուստի նրա համար խոսքի ազատության սահմանները շատ ավելի նեղ պետք է լինեն, քան հասարակ ՀՀ քաղաքացիների խոսքի ազատության սահմանները:

Դատարանը գտել է, որ ինչպես հայցվորի, այնպես էլ սովորական ունկնդրի համար ակնհայտ է, որ հենց հայցվորն է հանդիսացել Արսեն Թորոսյանի «թիրախը», ակնհայտ է, որ Արսեն Թորոսյանի կողմից ներկայացված «փաստերը» և որակումները վերաբերում են հենց հայցվորին, ով երկար տարիներ հանդիսացել է ԲԿ-ի տնօրենը: Ավելին, տեսանյութում, ընդհանուր առմամբ նկարագրվում են ԲԿ-ում տեղի ունեցած «ապօրինությունները», որի պատասխանատուն ենթադրաբար պետք է լինի հայցվորը՝ որպես ԲԿ-ի տնօրեն:

Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից խնդրարկվող պատասխանատվության միջոցներն ավելի քան ողջամիտ և համաչափ են և այդ առումով որևէ կասկած չեն հարուցում, ուստի դատարանը վճռել է Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ` <<Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն>> ՓԲ ընկերության` հրապարակայնորեն ներողություն խնդրելու և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին, բավարարել՝ պարտավորեցնելով պատասխանողներ Արսեն Գևորգի Թորոսյանին և ՀՀ առողջապահության նախարարությանը Ֆեյսբուք սոցիալական կայքի՝ Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին ուղիղ եթերի ընթացքում «Տուշոնկեքի մասին» վերնագրված հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում Ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ եթերի միջոցով՝ տեսանյութը վերնագրելով «Հերքում՝ Արա Մինասյանի վերաբերյալ»։

Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին բանավոր խոսքի միջոցով հանդես գալ հետևյալ բովանդակությամբ.

«27.07.2018 թվականին ուղիղ եթերի ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ հրապարակային խոսքերը. ««… մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «… չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել», «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ», <<Ավելին ասեմ՝ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել՝ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց», «Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ»: «Եթե մարդիկ տեսարանների են սպասում, որպեսզի որոշումները հիմնավորված լինեն, խնդրեմ՝ տեսարան, նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է՝ ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ», «Ինչ վերաբերում է քրեական գործին և իրավական հետևանքներին. 99 տոկոսով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից» չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:

Դատարանի վճռով` Արսեն  Թորոսյանից և ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արա  Մինասյանի նաեւ պետք է բռնագանձել 12.000  ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Փաստինֆո

Ավելին
Back to top button