Նորություններ

«Եթե ես կապ ունեմ Մարտի 1-ի հետ, ինձ հրապարակային գնդակահարեք».Գագիկ Ծառուկյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը Մարտի մեկի գործով հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում, ասաց՝ ոչ հերքում է, ոչ հաստատում:

Ծառուկյանը վստահեցրեց, որ Մարտի մեկի հետ որևէ առնչություն չունի, միայն ասաց, որ իրեն այդ օրը հրավիրել են կառավարություն՝ իրավիճակը քննարկելու, բայց այդպես էլ որևէ մեկի հետ չի հանդիպել, կառավարությունում խառնաշփոթ է եղել, ինքն էլ հիասթափված հեռացել է կառավարությունից:

Հարցին, թե Մարտի մեկի գործով որևէ կարգավիճակ ունի՞, Ծառուկյանն արձագանքեց.

«Ես նման բանից տեղյակ չեմ, չեմ պատասխանի, գնացեք իրենց հարցրեք»:

Գագիկ Ծառուկյանն ասաց. «Եթե ես կապ ունեմ Մարտի 1-ի հետ, ինձ հրապարակային գնդակահարեք»:

Դիտարկմանը, թե ըստ Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի՝ ԲՀԿ առաջնորդն ու Սամվել Ալեքսանյանն են սնունդ մատակարարել, Ծառուկյանն ասաց.

«Եթե Մարտի մեկին իմ մասնակցությունը եղել է սննդով, նորից թող Ծառուկյանին գնդակահարեն»:

«Երեսուն րոպե սպասել եմ և դուրս եկել, որևէ մեկին չեմ տեսել, որևէ քննարկում չի եղել»:

Ծառուկյանը խոսեց նաև հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մասին՝ ասելով, որ դեմ է քվեարկելու:

Ավելին
Back to top button