«Լուսավոր Հայաստան»-ը ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վեթինգի մասին քննարկումներին եւ նշել, որ իրենք մինչ օրս չեն ստացել քննարկման առաջարկ:
Նա, մասնավորապես, նշել է. «Վեթինգի վերաբերյալ հայեցակարգի, ապա օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ առաջարկ «Լուսավոր Հայաստան»-ն այդպես էլ մինչ օրս չի ստացել։ Մինչ այժմ էլ պարզ չէ, թե իշխանության որ թեւից ով է այս մեխանիզմի մշակման պատասխանատուն։
Մենք հասկանում ենք, որ խնդիրը չափազանց կարեւոր է ու հրատապ։
Նույնքան էական է, որ այդ քննարկումները, հնարավոր բացասական եւ անկանխատեսելի հեռանկարից խուսափելու համար, տեղի ունենան բարձր պրոֆեսիոնալիզմի եւ համախոհության մթնոլորտում ու միջավայրում։
«Լուսավոր Հայաստան»-ը միջազգային եւ տեղական փորձագետների ներգրավմամբ ձեռնամուխ է եղել վեթինգի վերաբերյալ ընդհանուր սկզբունքների մշակմանը եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ խորհրդարանում վեթինգի վերաբերյալ հայեցակարգի ու օրենքի նախագծի առավել լայն եւ ընդգրկուն ձեւաչափով քննարկման գործում՝ անհրաժեշտ որակ եւ արդյունավետություն ապահովելու համար»: