ՆորություններՏնտեսական

Բարեկեցության համար պետք է կամ ժողովրդավարություն, կամ նավթ

Աշխարհում կա 38 պետություն, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 20,000 դոլարից ավել է: Այսինքն, այս 38-ն աշխարհի ամենաբարեկեցիկ պետություններն են: The Economist Intelligence Unit-ի և The Freedom House-ի կողմից հրապարակված 2018 թվականի ժողովրդավարության ինդեքսների համաձայն, նշված պետություններից միայն 33-ն են ժողովրդավար, իսկ 5-ն ավտորիտար են:

Հատկանշական է, որ վերոնշյալ 5 ավտորիտար պետությունների տնտեսություններն ավելի քան 80 տոկոսով հիմնված են նավթի ու բնական գազի վրա:

Այլ կերպ ասած՝ աշխարհի ամենաբարեկեցիկ երկրները կամ ժողովրդավար են, կամ նավթ ու գազ ունեն: Ու թեև նավթի կամ բնական գազի մեծ պաշարներ ունենալը դեռ բարեկեցության երաշխիք չէ, սակայն արձանագրենք, որ բարեկեցիկ ու հարուստ երկիր լինելու համար անհրաժեշտ պայման է կա՛մ ժողովրդավարությունը, կա՛մ նավթի ու գազի մեծ պաշարները:

Քանի որ Հայաստանը չունի ո՛չ բնական գազի և ո՛չ էլ նավթի պաշարներ, ակնհայտ է, որ տնտեսական զարգացման ու բարեկեցության մեր միակ ճանապարհը կայուն ժողովրդավարության կերտումն է:

Մոդելներ

Առհասարակ, քաղաքական ռեժիմի և տնտեսական աճի կապի վերաբերյալ կան երեք հիմնական թեզեր, որոնք ներկայացված են ստորև.

Ժողովրդավարական բարեկեցիկ պետություններ Հարավային Կորեան, Հոնկոնգը և Սինգապուրը նախկինում եղել են ավտորիտար պետություններ: 1960-1990-ական թվականներին նշված երկրներն ապահովել են գերարագ տնտեսական աճ՝

ունենալով ավտորիտար համակարգեր: Սա գալիս է ապացուցելու այն հիպոթեզը, որ սկզբում երկրներն ապահովում են տնտեսական աճ, հետո միայն անցնում ժողովրդավարական համակարգի:

Սակայն հակառակ թեզը ևս գոյության իրավունք ունի։ Ցածր եկամուտ ունեցող պետություններից էր, օրինակ, Գանան, որը կարողացել է պահպանել ժողովրդավարությունը և գրանցել բարձր տնտեսական աճ:

Ժողովրդավարական բարեկեցիկ պետությունների շարքում են Չեխիան և Սլովենիան, որոնք ժողովրդավարացումից հետո են ապահովել բարձր տնտեսական աճ:

Ի հավելումն նշենք, որ կայուն ժողովրդավարություն ունեցող պետություններում սով երբեք չի լինում, իսկ տնտեսական անկումները սովորաբար արագ հաղթահարվում են: Ավտորիտար պետությունների համար տնտեսական ճգնաժամերը բավականին շոկային են լինում, և երբեմն ռեժիմն ավելի է խորացնում տնտեսական ճգնաժամը

Արփի Ավետիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ավելին
Back to top button