Նորություններ

ՊԵԿ-ի և ֆիննախի միջև մշտնջենական պայքար կա. Դավիթ Անանյան

Համահարթ տոկոսադրույքների վերաբերյալ դժգոհությունները հիմնականում նրանում են, որ հարկման հավասարության սկզբունքը չի պահպանվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր փաթեթին և եկամտահարկի համահավասարեցմանը:

Անանյանի խոսքերով՝ ավելի մեծ եկամուտ և նվազ եկամուտ ստացողը նույն դրույքաչափով է հարկվում, և կա սոցիալական անհավասարություն, նշեց, որ կիսում է այդ տեսակետը.

«Աշխարհում հարկման երեք տեսակ կա, և եկամտային հարկի համահարթեցումը դրանցից մեկն է, որի արդյունքում ստեղծվելիք սոցիալական անհավասարությունը կարելի է մեղմացնել՝ գույքահարկի պրոգրեսիվ հարկման համակարգ ներդնելով:

Անանյանը նշեց՝ չի հավակնում ասել, որ ընտրված տարբերակն ամենալավն է, բայց նշում է, որ հանրությանը պետք է ասել, որ անձի հարկումը պետք է նայել եկամուտների և գույքի միասնական հարկման տեսանկյունից:

Անդրադառնալով իր և ֆինանսների նախարարի միջև եղած հնարավոր հակասությունների մասին շրջանառվող լուրերին և այն տեղեկատվությանը, թե իր եղբայրն աշխատանքը կորցրել է հենց այդ հակասությունների պատճառով, Անանյանն ասաց, որ ՊԵԿ-ի և ֆիննախի միջև մշտնջենական պայքար է.

«Ես հակասություն բառ չէի օգտագործի, ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության միջև կա մշտնջենական պայքար, որը նորմալ է: Որպես անձ՝ անձնական ֆրոնտում այդպիսի բան չկա: Եվ դուք երևի տեսնում եք, թե մենք պարոն Ջանջուղազյանի հետ ոնց ենք շփվում, անձնական շփումներում մենք շատ բարիդրացիական ու գործընկերային մթնոլորտում ենք»,- ասաց Անանյանը:

Ինչ վերաբերում է եղբորը, նա հավելեց. «Իմ եղբայրն իր աշխատանքը չի կորցրել, իմ եղբայրն էն անձնավորությունը չէ, որ ինչ-որ բան կորցնի: Իմ եղբայրը կունենա աշխատանք՝ ավելի արժանավայել ու իրեն ավելի վայել»:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին՝ Անանյանն ասաց, որ հրաժարական ներկայացնելու վերաբերյալ խոսքն առաջին անգամ է լսում:

Back to top button
Close