ՄիջազգայինՆորություններ

Դատարանը կալանավորել է հատուկջոկատայինի սպանության գործով անցնող չորրորդ կասկածյալին

Մոսկվայի մարզային դատարանը երկու ամսով կալանավորել է Կրասնոգորսկի շրջանում ծեծի 4-րդ մասնակցին՝ Սահակ Սահակյանին: Միջադեպի հետևանքով, հիշեցնենք, սպանվել է ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցած Նիկիտա Բելյանկինը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Կասկածյալ Սահակ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ մինչև օգոստոսի 2-ը»,- դատարանի որոշումը հրապարակել է դատավոր Անատոլի Մորդախովը: Նիստի ընթացքում հայտնի է դարձել, որ կասկածյալը Երևանից է, Ռուսաստանում գտնվելու ժամանակավոր գրանցումն ավարտվելու է օգոստոսի վերջին: Կալանավորման հարցում պնդել է ՔԿ ներկայացուցիչը՝ նշելով, որ կասկածյալը կարող է թաքնվել նախաքննությունից, ազդել քննության վրա: Դատական նիստի ընթացքում Սահակյանը հերքել է հանցագործությանն իր մասնակցությունը: «Ես չեմ ընդունում մեղադրանքը, ես դրան չեմ մասնակցել և հանցանք չեմ գործել»,- ասել է նա:

Նախօրեին Մերձմոսկվայի դատարանը մինչև օգոստոսի 2-ը կալանավորել է նաև գործով անցնող ևս 3 կասկածյալի՝ ՌԴ քաղաքացի, գործազուրկ Սերգեյ Խոջայանին, որին մեղադրում են սպանության համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Նարեկ Ստեփանյանին և ՌԴ քաղաքացի Սուրեն Մարկոսյանին, որոնք էլ մեղադրվում են խուլիգանության համար: Կասկածյալներից ոչ ոք չի ընդունել մեղքը:

Նշենք, որ հունիսի 2-ի գիշերը Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո միկրոշրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի մասնակիցներին բաժանել փորձող Բելյանկինը սպանվել է, ևս մեկ տղամարդ՝ վիրավորվել: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ սպանության, մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու և խուլիգանության համար: Ընդհանուր առմամբ, գործով 4 ձերբակալված կա:

Ավելին
Back to top button