ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Ժամանակն է, որ իրենց մաշկի վրա «բաբոչկայի» տեսքով զգան մեր թուլությունը». Հրաչյա Հակոբյան

«Հաճախ ինքս էլ հանդիպել եմ Ազատության հրապարակի տարածքում մեքենա վարողների, հոծ գծերի վրայով անցնողների և նկատել եմ, որ դա միտումնավոր է արվում։ Կարծում եմ, որ վարչապետը նկատի ունի նման խմբավորումներին, որոնք ուղղորդվում են մեկ կամ մի քանի տեղերից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ մեկնաբանելով կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:

Անդրադառնալով նաև նրան, որ Հայաստանում ատելության մթնոլորտ է ձևավորվում, կազմակերպվում են ցույցեր, որտեղ բռնության կոչեր են հնչում, Հրաչյա Հակոբյանն օրինակ բերեց վերջերս Դաշնակցության մի քանի ներկայացուցիչների արարքը, որը, ըստ պատգամավորի, անբարոյական քայլ է:

«Հպարտանում են, թե իրենք են մարդ ծեծել, դա ինձ համար օտար երևույթ է։ Դա ինձ համար քաղաքականությունից հեռու մի գործընթաց է և առհասարակ ինձ համար դա անբարոյականություն է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչը հպարտանա և ասի՝ այո, ես եմ ծեծել, դա, առնվազն, անբարո արարք է։ Այն էլ ինչի համար են ծեծել, երբ մարդը հայտարարել է իր դիրքորոշումը, արտահայտել է իր քաղաքական մոտեցումը»:

Պատգամավորի կարծիքով՝ ցույցերի ընթացքում բռնության կոչեր անողները, ինչպես և վարչապետը հայտարարեց, հնարավորինս խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն՝ ընդհուպ չբացառելով այն, որ կարող են քրեական գործեր լինել։ Հակոբյանը համաձայն է վարչապետի հետ, որ գուցե կարիքը կա, որ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություն լինի։

«Վստահ եմ նաև, որ տեսանյութեր կլինեն, թե օրինազանց քաղաքացիներին «բաբոչկա» հագցնելով, չգիտեմ, ծաղիկ տալով, թե ինչով, բայց կարգի կհրավիրեն… Վարչապետը մի քանի անգամ նաև ասել է, որ մեր՝ օրենքի շրջանակներում գործելը չդիտեն որպես թուլություն, բայց նրանք դա թուլություն էին դիտարկում և ներկայացնում հանրությանը։ Ժամանակն է հասունացել, որ իրենք իրենց մաշկի վրա «բաբոչկայի», մի փունջ ծաղիկի տեսքով զգան մեր թուլությունը»։

Ավելին
Back to top button