Նորություններ

Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է. բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշեց, որ պայքարում են նրա կյանքի համար:

«Շտապ օգնության մեքենայով այս գիշեր են նրան տեղափոխել հիվանդանոց՝ ժամը 1-ի սահմաններում: Մանվել Գրիգորյանն անպայման պետք է համարժեք բուժում ստանա, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»,- նշեց բժիշկը:

Նախկին պատգամավորի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել առողջական վիճակի կտրուկ վատացումից հետո: «Արտերկիր տեղափոխելու մասին այս պահին չենք մտածում, քանի որ հիմա պետք է ամեն ինչ անել՝ կյանքը փրկելու համար»,- շեշտեց Մկրտչյանը:

Հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

ԱԺ-ի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթությամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Back to top button
Close