Նորություններ

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Մերսի Թեմբոնին և նոր տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

ՀՀ փոխվարչապետը բարձր է գնահատել տիկին Թեմբոնի ջանքերը Հայաստանի և ՀԲ-ի միջև համագործակցության զարգացման գործում՝ հաջողություն մաղթելով նրան իր հետագա առաքելության մեջ: Փոխվարչապետը շեշտել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ամենակարևոր զարգացման գործընկերներից մեկն է, որի հետ համագործակցությունը ծավալվում է այնպիսի առանցքային ոլորտային ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածնքները, կրթության, առողջապահության, սոցիալական և հարկային վարչարարության ոլորտներում իրականացվող իրավական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Իր խոսքում տիկին Թեմբոն գոհունակություն է հայտնել Հայաստանում ՀԲ-ի իրականացրած ծրագրերի հաջող արդյունքների կապակցությամբ: Ընդգծելով, որ ՀԲ-ն գլոբալ նշանակության կառույց է՝ նա նշել է, որ իր հետագա գործունեության մեջ Հայաստանի հետ համագործակցությունից քաղած փորձը շատ օգտակար կարող է լինել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՀԲ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: 2019-2023թթ. Հայաստանի համագործակցության շրջանակի իրականացման համատեքստում կողմերը շեշտել են, որ այն համատեղ աշխատելու լավ հիմք է, որի արդյունքները շատ շուտով արդեն տեսանելի կլինեն:

Ընդգծվել է նաև, որ վարկավորումից զատ Համաշխարհային բանկը Հայաստանի բարեփոխումների օրակարգին կշարունակի աջակցել խորհրդատվական և գիտելիքային գործիքների միջոցով: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների և հանրային ներդրումների կառավարման ոլորտում համագործակցության ասպեկտներին: Քննարկվել են նաև մի շարք գործող վարկային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը:

Ավելին
Back to top button