Նորություններ

Իմ դեմ բողոքները մի հոգի է կազմակերպել եւ նա այսօր իշխանության անդամ է. Ղարիբյանը չի լինի փոխնախարար. armtimes.com

Հունիսի 1-ից մշակույթի նախարարությունն առանձին կառույց չէ, վերամավորվելով մի քանի նախարարությունների հետ, այն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որի նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը:

Նազենի Ղարիբյանն այլեւս չի զբաղեցնի մշակույթի փոխնախարարի պաշտոնը, նա հրաժարվել է նաեւ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին Ղարիբյանը հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Ընդամենը մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում վերջինս վստահեցնում էր, որ չի պատրաստվում հրաժարվել խորհրդի նախագահի պաշտոնից միայն այն բանի համար, որ որոշ անձինք դրան դեմ են: Այսօր նա հայտարարում է, որ ցանկություն չունի զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ չի համակարգելու մշակույթի ոլորտը:

— Տիկին Ղարիբյան, ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից:

— Ես չեմ աշխատելու որպես փոխնախարար, դրա համար դուրս եմ գալիս նաեւ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Չնայած մեկը մյուսի հետ կապ չունեն, կարող եմ եւ դուրս չգալ, բայց գալիս եմ: Փոխնախարար չեմ աշխատում՝ խորհրդում մնալու ցանկություն էլ չունեմ:

— Արդեն վստահ գիտե՞ք, որ դուք չեք զբաղեցնելու փոխնախարարի պաշտոնը:

— Ինձ մինչեւ հիմա առաջարկ չի արվել: Եթե մինչեւ հիմա չի արվել, ուրեմն չի էլ լինի:

— Իսկ ինչ եք պատրաստվում անել, ինչո՞վ եք զբաղվելու, գուցե մեկ այլ ոլորտ եք կոորդինացնելու:

— Ես այնքան էլ խեղճ ու կրակ մարդ չեմ, որ անելիք չունենամ: Նախ, Մատենադարանի գիտաշխատող եմ: Դասախոսությունների հարյուրավոր հրավերներ ունեմ, երեք հատ գիրք ունեմ գրելու, հոդվածներ: Շարունակելու եմ զբաղվել նրանով, ինչով մինչ այդ էի զբաղվում: Սա պետական ծառայություն էր, ես ծառայեցի այնքան, ինչքան իրենք հարկ համարեցին: Առայժմ ուրիշ առաջարկ չկա: Ես շատ հանգիստ հանձնել եմ աշխատասենյակի բանալիներն ու եկել տուն: Վաղը կգնամ Մատենադարան՝ աշխատանքի:

— Մոտ մեկ տարի համակարգեցիք մշակույթի ոլորտը, ուզո՞ւմ էիք հրաժեշտ տալ, թե՝ ոչ:

— Դե հրաժեշտը բավական հուզիչ էր: Հավաքվել էինք, շամպայն էի վերցրել: Խոսեցինք, ես երկար կենաց ասեցի եւ իմ ցանկություններն ու խնդրանքներն ու մաղթանքները հայտնեցի: Կուզենայի, որ այն ամենը, ինչի մեկնարկը մենք մեկ տարի առաջ տվել ենք՝ մնացողները առաջ տանեն: Իմ միակ մտահոգությունն այն է, որ մեր նախագծերը, ծրագրերը շարունակվեն եւ աշխատանքները ջուրը չլցվի: Եվ իմ միակ ցավը դա է, ես չգիտեմ՝ եկողները կշարունակեն, թե՝ ո՛չ:

— Նոր եկողները կարողանալո՞ւ են շարունակել ձեր սկսածը:

— Իմ կարծիքով՝ ոչ, նրանք նման խնդիր չունեն: Նրանք ոլորտը փոխելու եւ ռեֆորմ անելու խնդիր չունեն եւ հենց դրա համար էլ գալիս են, որ չանեն, դա իմ խորին համոզմունքն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Ավելին
Back to top button