Նորություններ

Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված կողոպուտը

Հունիսի 2-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի կին հաղորդում տվեց, որ մայիսի 31-ին, օրը ցերեկով, Նոր-Արեշի 15-րդ փողոցում ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել է իրեն, պարանոցից պոկել ոսկյա շղթան`խաչով, ու փախել:

Հաղորդում ստանալուց անմիջապես հետո քրեական հետախույզները որոնողական աշխատանքներ սկսեցին:
Կողոպուտը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու նպատակով, օպերատիվ հարցումներից զատ, իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրին հարակից շենքերի և օբյեկտների մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին փախչող տղամարդուն:

Նա էր, ում նկարագրել էր տուժողը: Որոնողական աշխատանքները շարունակվեցին: Հունիսի 3-ին քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի երկաթուղայինների փողոցի 38 ամյա մի բնակիչ: Նույն օրը նա կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Քրեական հետախույզները չէին սխալվել: Կասկածյալը ոչ միայն խոստովանեց կատարածը, այլև քննչական փորձարարության ժամանակ ներկայացրեց, թե փողոցի որ հատվածում, ինչպես է կատարել կողպուտը, որ կողմ փախել:

Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումները գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button