Նորություններ

Երևանում՝ Ազգային ժողովի մոտ, թալանել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր տղայի՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի ավտոմեքենան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ից մինչև 20։20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արաբկիր վարչական շրջանի Դեմիրճյան փողոցում՝ «Սիրահարների այգու» դիմաց, կոտրել է ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնած Lexus RX 350 մակնիշի 35 ՍR 882 համարանիշի ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել համակարգիչ, ինչպես նաև 20 տարեկան հնեցման «Արարատ» տեսակի կոնյակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մեսրոպյանի և ավագ հետաքննիչ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանութան Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր տղային՝ Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button