ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Մեկ տարվա ընթացքում 2 մլրդ դոլարի արտահոսք է եղել, սևերն իրենց փողերը տարել են Հայաստանից»

«Տնտեսական հեղափոխության դանդաղման պատճառը կայանում է նրանում, որ այս կառավարությունը ցանկանում է նախորդ կառավարությունների տնտեսական մոդելով իրականացնել հեղափոխություն: Նա չի ցանկանում փոխել մոդելը, սակայն ցանկանում է ստանալ նոր արդյունք, նոր տնտեսություն, որը հնարավոր չէ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով տնտեսական հեղափոխության մասին՝ նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ըստ Պարսյանի՝ կառավարությունը նախ և առաջ պետք է փոխի իր տնտեսական նեոլիբերալ քաղաքականությունը:

Խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի մասին՝ տնտեսագետն ընդգծեց, որ քաղաքական տեսանկյունից մեր երկիրը դիտարկվում է բարձր ռիսկային, որը բավականին լուրջ հարված է:

Պարսյանի դիտարկմամբ՝ դա պայմանավորված է տարբեր գործոններով, որից է, օրինակ, այն, երբ ներդրումները կապում են խորհրդարանական ընտրությունների հետ, երբ տնտեսվարողներին բաժանում են սպիտակների ու սևերի:

«Վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսությունից մոտ 2 միլիարդ դոլարի կապիտալի արտահոսք է եղել, այսինքն, այսպես ասած, սևերն իրենց փողերը տարել են Հայաստանից։ Սա սխալ մոտեցում է, որի հետևանքով տուժում է հենց իշխանությունը, քանի որ նրանք չեն կարողանալու իրենց խոստացած տնտեսական հեղափոխությունն իրականացնել: Տնտեսության մեջ սև ու սպիտակ չկա, պետք է սա հասկանալ»:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է անցնել եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի, տնտեսագետը նշեց, որ եթե ներկայումս Հայաստանում գործող պրոգրեսիվ հարկային համակարգի փոխարեն կիրառվի եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը, ապա դրա արդյունքում կխաթարվի սոցիալական արդարությունն ու համերաշխությունը հասարակության մեջ։ Սուրեն Պարսյանը նշեց նաև, որ համահարթեցման միջոցով փորձելու են ամբողջ ծավալով ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

«2020 թվականից սկսած 500 հազար և ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են 10 տոկոս եկամտահարկ: Այս մոտեցման արդյունքում բարձր աշխատավարձ ստացողները միանշանակ չեն շահելու… Նրանց այն պատճառաբանությունը, որ 23% սահմանելով՝ մենք ստվերը կբացահայտենք, դա սխալ և անտրամաբանական մոտեցում է։ Այն տնտեսվարողը կամ գործատուն, ով կարողանում է 28% հարկի պայմաններում թաքցնել իր աշխատողի իրական աշխատավարձը, 23%-ի պայմաններում էլ կթաքցնի»:

Ավելին
Back to top button