Նորություններ

Ոստիկանները բացահայտեցին Չեխիայի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անձի և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները օրեր առաջ օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Աշտարակում ապրող 24-ամյա երեք երիտասարդ հանցավոր խումբ են ստեղծել և գողություններ են կատարում, այդ թվում՝ բնակարանային։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Քրեական հետախույզները կազմակերպեցին և իրականացրին օրենքով ոստիկանությանը վերապահված համալիր օպերատիվ միջոցառումներ։ Արդյունքում պարզվեց, որ նրանք մարտին մտել են Ծաղկաձորում գտնվող առանձնատներից մեկն ու տարբեր տեսակի հրացաններ հափշտակել՝ գողոնը թաքցնելով իրենցից մեկի տան տանիքում։ Պարզվեց, որ խումբը դարձյալ Ծաղկաձորի առանձնատներից մեկից գողություն է արել նաև հունիսի լույս 2-ի գիշերը, իսկ ցերեկվա կողմերը ևս մեկ հանցագործություն ծրագրել։ Խոսքը Աջափնյակում տեղի ունեցած՝ Չեխիայի քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման մասին է։ Նախնական տվյալներով՝ հունիսի 2-ին երիտասարդները 29-ամյա զբոսաշրջիկին տեսել են Երևան-Աշտարակ ճանապարհին ու խաբեությամբ նստեցրել մեքենան՝ քաղաք հասցնելու։ Ընթացքում շեղվել են ճանապարհից ու դանակի սպառնալիքով հափշտակել նրա ուսապարկը, որի մեջ եղել են լուսանկարչական սարք, բջջային հեռախոս և այլ իրեր։ Տուժած աղջիկը հենց դեպքի օրը դիմեց ոստիկանություն։

Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումների աշխատակիցների հետ, ավազակային հարձակման հաջորդ օրը՝ հունիսի 3-ին, երիտասարդներին հայտնաբերեցին Աշտարակի Բագավան թաղամասում և կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։
Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց ավազակությամբ հափշտակված բջջային հեռախոսը։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարեցին նրանց բնակարաններում՝ հայտնաբերելով Ծաղկաձորի առանձնատներից հափշտակված հրացաններն ու հեռադիտակը։
Երիտասարդները ոստիկանությունից ներկայացվել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին ու ձերբակալվել։
Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button