ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Ադրբեջանը հարմար առիթի դեպքում միշտ կգնա խախտումների, նոր սադրանքների». Տարոն Հովհաննիսյան

«Ադրբեջանի ԱԳՆ-ի հունիսի 2-ի հայտարարությունը փաստացի նաև խոստովանություն էր, որ, այո, հունիսի 1-ին իրենց զինված ուժերի գործողությունների հետևանքով էր զոհվել պաշտպանության բանակի զինծառայողը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքն այդ հայտարարությանը:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմն այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հայտարարությանը եղավ, որտեղ կողմերին կոչ էր արվում զսպվածության, փորձագետն ընդգծեց.

«Հստակ է, որ երկկողմ պայմանավորվածությունը, որը կախված է միայն կողմերի բարի կամքից, չի կարող գործել, որովհետև Ադրբեջանի բարի կամքը բացակայում է: Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունն ագրեսիվ գործողություններն ու սադրանքներն են»:

Տարոն Հովհաննիսյանը համակարծիք է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության հետ այն մասով, որ մինչև չլինի ԵԱՀԿ-ի հրադադարների խախտումների հետաքննության մեխանիզմը, որևէ պայմանավորվածություն՝ սահմանի հետ կապված, չի կարող պահվել երկար ժամանակ:

«Ադրբեջանը հարմար առիթի դեպքում միշտ կգնա խախտումների, միշտ կգնա նոր սադրանքների… 2012 թվականից քննարկվում է այդ մեխանիզմը, որն առաջարկել է Մինսկի խումբը, բայց հրաժարվում է Ադրբեջանը, որովհետև եթե կա հետաքննության մեխանիզմ, կա, այսպես ասած, չեզոք աչք, որը տեսնում է, որ Ադրբեջանն է գնում խախտումների, իրենց կողմն է լարում իրավիճակը, նաև ենթադրենք, եթե լիներ մեխանիզմ, ապա դա ցույց կտար, որ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանն է ակնհայտ սկսել հարձակումը»:

Ըստ Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը երբեք չի դադարեցնի իր այս քաղաքականությունը, որովհետև խնդիրը նոր չի սկսվել, հակամարտությունը նույնպես:

«Այլ բան սպասել Ադրբեջանից չենք կարող: Չենք կարող սպասել, որ վաղը Ադրբեջանի փոխարեն կլինի ինչ-որ դրախտային երկիր, որտեղ հարգվում են ժողովրդավարության արժեքները, որտեղ ռասիզմն է բացակայում, որտեղ հայերի նկատմամբ ատելություն չկա, հայ տեսնելուց իրենց մոտ սպանության մտքեր չեն առաջանում»:

Դիտարկմանը, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն հուզական էր որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը և ակնարկել, թե այն համապատասխանում է երկրում ներքաղաքական իրավիճակի առումով ՀՀ իշխանությունների արձագանքին, ադրբեջանագետը շեշտեց, որ իրականում ոչ մի հուզական երանգ էլ չի եղել՝ նշելով, որ հստակ եղել են փաստեր, որ ադրբեջանական կողմը սադրում է և խախտում է հրադադարը:

«Այդտեղ հուզական բան չկար, իհարկե հուզական ֆոն կա, որովհետև ամեն դեպքում իրենց գործողությունների հետևանքով զոհվել էր ժամկետային զինծառայող, և եթե իրենց համար

իրենց զինծառայողների կյանքը արժեք չունի, ապա հայկական կողմի համար ցանկացած մարդու, ցանկացած զինծառայողի կյանքն արժեք ունի»,- հավելեց բանախոսը:

Ավելին
Back to top button