Նորություններ

Կտեսնենք, որ շատ դատավորներ հրաժարականներ կտան իրենց պաշտոններից. Կարեն Զադոյան

«Վեթինգը հանդիսանում է անցումային արդարադատության համակարգային բարեփոխումներ մեխանիզմի մի ենթամեխանիզմ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը: Ըստ Զադոյանի՝ պետք է հայեցակարգ դրվի շրջանառության մեջ, որը փաստացի դեռևս չկա, կա ուղղակի հայտարարություն վարչապետի կողմից վեթինգի կիրառելիության մասին:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահի դիտարկմամբ՝ վեթինգն իրականացվում է հիմնականում հիմք ընդունելով բարեխղճության սկզբունքը, որն իր մեջ 4 ենթատարր է պարունակում՝ մասնագիտական կոմպետենցիա, հաշվետվողականություն, էթիկայի կանոններ և հակակոռուպցիոն վարքագիծ:

«Ներկայում դատական օրենսգրքում նույնպես կա գնահատման հնարավորություն: 5 տարին մեկ դատավորները ենթակա են գնահատման, հիմնականում էլի բարեխղճության չափանիշներով, բայց ոչ ամբողջովին… բայց վեթինգի իրականացումը պետք է լինի անաչառ, և վեթինգ իրականացնողները նույնպես պետք է վստահելի լինեն հանրության կողմից: Նույն վեթինգի գործընթացով իրենք էլ պետք է անցնեն»,- հավելեց Զադոյանը:

Կարեն Զադոյանն ընդգծում է, որ ամենակարևորն այն է, որ գործընթացը հետևողական ընթանա, մինչև վերջ այս ամենն ավարտին հասցվի, որպեսզի արդյունքները  ևս նկատելի լինեն:

«Հիմա բացառիկ պատուհան է, որպեսզի ոչ բարեխիղճ դատավորները դուրս գան համակարգից, և ես վստահ եմ, որ երբ գա ժամանակը, երբ արդեն համապատասխան  օրենսդրական բազան ստեղծվի, մենք կտեսնենք՝ շատ դատավորներ հրաժարականներ կտան իրենց պաշտոններից: Իսկ Գագիկ Հարությունյանի մասով կարծում եմ՝ դա կարևոր որոշում էր Հայաստանի դատական համակարգի մաքրման համար և ողջունում եմ այդ քայլը»:

 

Ավելին
Back to top button