Նորություններ

Ադրբեջանը ապատեղեկատվական արշավ է իրականացնում Արցախի դեմ

Ս․ թ․ հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է սպանվել։ Այդ կանխամտածված սպանությանը նախորդել է արցախյան կողմի հասցեին մտացածին մեղադրանքներով ապատեղեկատվական արշավը, թե իբր Արցախի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես արձագանքել է ապատեղեկատվությանը՝ հավաստիացնելով, որ արցախյան կողմն անշեղորեն պահպանում է կրակի դադարեցման ռեժիմը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի այդ ապատեղեկատվական արշավը նպատակ ուներ անհրաժեշտ տեղեկատվական ֆոն ստեղծել կրակի դադարեցման ռեժիմի հետագա խախտման համար։ Երկու դրվագներն էլ նույն շղթայի օղակներն են և կարող են վկայել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված իր պարտավորությունները պահպանելու Ադրբեջանի չկամության մասին։

Լարվածության աճ նախաձեռնելու ադրբեջանական կողմի փորձը մեկ անգամ ևս հաստատում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է։ Այդ ջանքերի շրջանակներում անհրաժեշտ է վերջապես իրականացնել 2016 թ․ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են կրակի դադարեցման ռեժիմի հնարավոր խախտումների հետաքննությանը, ինչպես նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը՝ նրա դիտարկման հնարավորությունների  ավելացման նպատակով։

Նմանատիպ մեխանիզմը թույլ կտա ոչ միայն օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր միջադեպերին, այլ նաև խուսափել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու  փոխադարձ մեղադրանքներից և մտացածին պատրվակներով լարվածության աճից։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնում Արցախի Պաշտպանության բանակի զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի հարազատներին և մտերիմներին։

Ավելին
Back to top button