Նորություններ

Բախվել են մեքենաներ. հարսը, փեսան, որոնց հարսանիքն էր լինելու այսօր, հարսնաքրոջ հետ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց անձնական օգտագործան ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է և թափված ավազով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Կոտայքի ճանշինի աշխատակիցները, ովքեր թափված ավազը հեռացնում են վթարի վայրից, որպեսզի կարողանան հատուկ տեխնիկայի միջոցով ЗИЛ-ը դարձի բերեն և այն դուրս բերեն անվտանգ վայր։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքնիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները՝ հարսը, փեսան և հարսնաքույրը, մեկնում էին Սևան, որտեղ տեղի էր ունենալու հարս ու փեսայի հարսանեկան արարողությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button
Close