Նորություններ

Մարդկանց տարել գցել են կրակը. Քաշաթաղն՝ «աքսորավայր». Գյումրիից Արցախ տեղափոխված վերաբնակիչը բարձրաձայնում է խնդիրների մասին

Ռիմա Կարապետյանը, անսալով ՀՀ և Արցախի իշխանությունների՝ Արցախը վերաբնակեցնելու հորդորներին, 7 տարի առաջ ընտանիքով Գյումրիից տեղափոխվում է Արցախ՝ Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնք:

Խոստումները, թե ընտանիքները, որոնք կմեկնեն Արցախ, կապահովվեն կոմունալ բոլոր հարմարություններն ունեցող բնակարանով, մշտական օգտագործման իրավունքով հողամասով և աշխատանքով, տիկին Ռիմայի հավաստմամբ, իրականությունից շատ հեռու են: Մի քանի տարի շարունակ նա պայքարում է՝ Արցախում դիմելով տարբեր ատյանների, որպեսզի իր ընտանիքը կարողանա գոյություն ապահովել Արցախում:

Բնակարանը, որը հատկացվել է մեծ դժվարությունների գնով, Ռիմա Կարապետյանի հավաստմամբ, զուրկ է տարրական կոմունալ բոլոր պայմաններից, իսկ Քաշաթաղում ապրելն՝ անասելի դժվար:

«Սկզբից մեզ ասացին, որ վարկ կտանք, անասուն կտանք, որ դուք այստեղ նորմալ ապրեք: Բայց ոչ մի բան չտվեցին: Ասացին՝ փլատակները վերցրեք ու ձեզ տուն սարքեք, մատերիալ կտանք: Էստեղ զրկվեցինք ամեն ինչից, գնացինք, բայց ոչ մի բանից էլ չկարողացանք օգտվել: Պայմանագրի մեջ, որը կնքել ենք, նշված է, որ մեզ պետք է կոմունալ հարմարություններով տուն տան, բայց նորմալ բան չեն տվել՝ անասնագոմ։ Կռվով-դավով մատերիալ բերեցինք՝ թաց տախտակ, ամուսինս ու տղես սարքեցին: Բայց ապրելու, աշխատելու հնար չկա: Գյուղապետին ասում եմ, թե՝ ան ես էստեղ եմ, ինձ գործ տուր: Խոստացաք, որ պանիրի գործարան եք սարքելու, բերեցիք հասցրեցիք Լաչին…

Գյուղին մի հատ ՈՒԱԶ նվեր տվեցին արտասահմանցի բարեգործները: Էդ ՈՒԱԶ-ը ամսվա մեջ 1 անգամ տեղ էրտա-չերտա: Ասենք մարդ կվատանա, ոչ իրանց պետք է, ոչ բան: Վարչակազմն ասում է՝ տվեք հազար դրամ, վառելիքի խնդիր կա: Մենք չենք կարող: Դուք սրան-նրան յալվար ընկեք»:

Տիկին Ռիման ասում է՝ զարգացում չեն տեսնում։ Իրենց համար անհասկանալի է՝ ինչ ուղղությամբ են ծախսվում Արցախին հատկացվող միջոցները։

«Բոլորը կուդեն: Ամեն տարի մարաթոն կենեն, ինչ կենեն, ջրի փող կհավաքեն… կոնկրետ մեր գյուղը 7 տարի կապրիմ, մենակ ոռոգման ջուրն է: Խմելու ջուր չունենք, կողքի գյուղերից կերտանք 5-10 լիտրանոցներով կբերենք: Չկա ոչ մի բան: Մարդկանց տարել գցել են կրակը: Դե մենք որ արդեն ամեն ինչ թողել հասել ենք էնտեղ, էլ հնարավորություն չունենք ետ գալու: Ոնց որ աքսորավայր լինի: 37 թվականին մարդկանց ո՞նց են աքսորել: Նույն վիճակն է այնտեղ, ոնց որ հայերը աքսորված լինեն՝ ոչ կարող են հետ գալ, ոչ մնալ: Մարդ վատանա՝ ոչ շտապօգնություն, ոչ նորմալ կրթություն… ահավոր վիճակ է: Իմ խնդրանքն այն է, որ բոլորն իմանան և ուշադրության տակ պահեն, որ Արցախի Քաշաթաղի շրջանը մարդկանց համար դարձել է աքսորավայր»:

Ռիմա Կարապետյանի խոսքերով՝ ստիպված են առևտրով զբաղվել: Գալիս է Հայաստան, կենցաղային ապրանք է տանում Արցախ վաճառելու: Իր բացակայություններն էլ պատճառ են դառնում, որպեսզի իրեն հասանելիք հողակտորը չկարողանա մշակել. թույլ չեն տալիս:

«Գուկամ Գյումրի, ապրանք կտանիմ կծախեմ, ետ գուկամ, հողերը չի տա: Գնացել եմ վարչական, կպնդեն, որ հողերը քեզ չի հասնում: 3 ամիս բացակայես, տունն էլ ձեռքիցդ կառնեն, որովհետև 10 տարի պետք է ապրես, նոր միայն սեփականաշնորհելու իրավունք կստանաս»:

Ռիմա Կարապետյանն ասում է՝ իր ցանկությունն այն է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները տեղեկանան այն խնդիրների մասին, որոնք առկա են Արցախում, որպեսզի ավելի լուրջ վերաբերմունք ցուցաբերեն։ Արցախը վերաբնակեցնելու ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի, Քաշաթաղի բնակչի խոսքերով, հաջողություն չի կարող ունենալ, եթե մարդկանց խնդիրները շարունակեն մատնվել անտարբերության։

Ավելին
Back to top button