Նորություններ

Հարավային Օսիան 3-1 հաշվով հաղթել է Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի թիմին

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» և ԱՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ Մարտունի քաղաքում այսօր հանդիսավոր կերպով տեղի է ունեցել մարզադաշտի բացման արարողություն:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   մարզադաշտի  բացման   պատիվը  տրվել  է    «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի   հիմնադիր  Վլադիմիր  Ավագյանին  և   Մարտունու  շրջվարչակազմի  ղեկավար  Մհեր  Օհանյանին:
Միջոցառմանը   «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի»  գործադիր  տնօրեն   Վարդան  Կիրոյանցը,  ողջունելով  ներկաներին,  շնորհավորել  է բոլորին՝ Արցախում  ConiFA-2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության  անցկացման համար:
Առաջնության  մասնակից  ֆուտբոլային   հավաքականներին  նա   մաղթել  է   հետաքրքիր  և  խաղ:
Մարտունու   շրջվարչակազմի  ղեկավար  Մհեր  Օհանյանն էլ  ասել է, որ   այսօր   Մարտունիում  ոչ  միայն   նոր  մարզադաշտ  է  բացվել, այլև  տեղի  է  ունեցել  թիվ  2  մանկապարտեզի,   ինչպես  նաև   մարզասրահի  բացման  արարողություններ:
Նա  կարևորել  է  Մարտունիում միջազգային  չափանիշներին   համապատասխան  մարզադաշտ ունենալը, նշելով,  որ  մարտունեցիները  միշտ  աչքի են  ընկել   իրենց  ֆուտբոլասիրությամբ: Մարզադաշտում    հետագայում կնախատեսվեն  տարբեր   միջոցառումներ՝  սպորտային, մշակութային  և  այլն:
Մ. Օհանյանի  խոսքով՝ Արցախում ConiFA-2019-ի  անցկացումը  կնպաստի  ֆուտբոլի  մասսայականացմանը,  զարգացմանը  և  նոր   ֆուտբոլիստների  ի  հայտ բերմանը:
Մարտունու   մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնի   կողմից       «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի    հիմնադիր  Վլադիմիր  Ավագյանին  է    հանձնվել   ձեռքի   աշխատանք՝  ConiFA-2019-ի  լոգո  պատկերով:
Մարզադաշտի   շինարարական  աշխատանքների   ժամանակ   ցուցաբերած  իրենց  ակտիվության  համար արարողության  ժամանակ  մի  խումբ  անձինք  պարգևատրվել  են    շնորհակալագրերով  և  դրամական   պարգևներով:
Ելույթներից   հետո   տեղի է ունեցել   Արևմտյան  Հայաստանի  և  Հարավային  Օսիայի հանրապետությունների  ֆուտբոլային  խաղը:
Մինչև   խաղի  մեկնարկը   հնչել  է  ԱՀ-ն  և    մրցող  թիմերի  երկրների   օրհներգերը: Խաղն  ավարտվել  է  3-1  հաշվով   հօգուտ    Հարավային  Օսիայի:
Հարավային  Օսիայի  ֆուտբոլի  հավաքականի   ներկայացուցիչ  Սերգեյ  Զասիևը   մեզ  հետ  զրույցում  ասել է, որ   բավականին   մեծ  ջանք  են   ներդրել, որպեսզի   հաղթեն  մրցապայքարում:
«Մենք  շատ ուրախ ենք, որ    ժամանել  ենք  նման  հրաշալի  երկիր՝  Արցախ,  և  այստեղ   գրանցել  մեր   խաղի   առաջին  հաղթանակը:  Մեզ  համար  իհարկե  ցանկալի  է, որ    միշտ  հաղթենք, բայց   ամենակարևորն  այն  է, որ   մենք  մեր  մասնակցությունն  ենք  ունենում   ConiFA-2019-ին»,-ավելացրել  է  Ս. Զասիևը:
Արևմտյան  Հայաստանի  Հանրապետության  վարչապետ  Գառնիկ  Սարգսյանն  էլ  ասել  է, որ  չնայած   իրենց  թիմին  չի  հաջողվել  հաղթել,  բայց  իրենց  համար կարևորը    մասնակցությունն  էր  ու  հետաքրքրիր  խաղ    ցուցադրելը:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ  նախագահ  Բակո   Սահակյանը, Հարավային  Օսիայի  նախագահ  Անատոլի  Բիբիլովը, Արևմտյան  Հայաստանի  Հանրապետության   նախագահ  Արմենակ  Աբրահամյանը, պետական  պաշտոնյաներ, հյուրեր  մի  շարք  երկրներից, լրագրողներ, ֆուտբոլասեր  հասարակություն  և  այլք:
Ավելին
Back to top button