Նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորման կողմերը բլեֆ են անում. գուցե, հանրություններից թաքցվում է մի բան, որի անունը երկխոսություն չէ. Ստանիսլավ Տարասով. tert.am

Ինչո՞ւ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` առանց բանակցային գործընթացի դետալներին ծանոթ լինելու:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը` խոսելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին, թե բանակցային գործընթացի դետալներին ծանոթանալու համար Նիկոլ Փաշինյանին տրված ժամանակը սպառվել է:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը բանակցային գործընթացում նոր մարդ է, և իրեն ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու գործընթացի դետալները: Ճիշտ է, այո, ինքը նման իրավունք ուներ: Հավանաբար, կան փաստաթղթերի կապոցներ, և ինքը դրանք ուսումնասիրում է:

Եղել են բազում հանդիպումներ նախագահների մակարդակով, արտաքին գործերի նախարարների մակարդակով, ու կողմերը դրանք պրատակոլացրել են: Հիմա Նիկոլ Փաշինյանը դրանց ծանոթացել է, որ սեփական եզրակացություններն անի, դիրքորոշումներ հայտնի, սա նորմալ է:

Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը հանդիպում ադրբեջանական կողմի հետ: Նրանք հանդիպել են, հայտարարություններ են արել, մենք այդ հայտարարությունները մեկնաբանել ենք, բա ինչպե՞ս է հանդիպել առանց դետալներին ծանոթ լինելու»,- նշեց նա:

Տարասովն ասաց, որ կա մեդալի երկրորդ կողմը՝ Փաշինյանը կարող էր հանդիպել Ալիևի հետ մի պայմանով, եթե Բաքուն համաձայներ ոչ թե բանակցել, այլ երկխոսել:

«Բոլորի հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ հանդիպումների ժամանակ կոնսուլտացիաներ են անցկացվում, որ սրանք դեռ բանակցություններ չեն: Իսկ սրանից առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը չի բանակցի առանց Ղարաբաղի, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններ: Պատահակա՞ն է, ո՛չ:

Նրանք ժամերով բանակցում են առանց Ղարաբաղի՝ ներկայացնելով սա որպես երկխոսություն: Տարբերա՞կ է, տարբերակ է: Կարող ենք այսպես մտածե՞լ, կարող ենք»:

Ըստ նրա՝ գուցե տեղեկատվական հոսքի ներքո հանրություններից թաքցվում է մի բան, որի անունը երկխոսություն չէ: «Կողմերը բլեֆ են անում, սա է իմ եզրակացությունը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը:

tert.am

Ավելին
Back to top button