Նորություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ 38-ամյա վարորդը Opel-ով մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ ընտանիքի 5 անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, հունիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիրի մարզի Խորոնք գյուղի բնակիչ 38-ամյա Մուշեղ Եփրեմյանը իր վարած Opel Vectra մակնիշի 34 AL 640 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, դուրս է ելել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվար հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահան Էվինյանը։ Օպերատիվ են գործել Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Ավելին
Back to top button